Փետրվարի 24-ին Հայաստանում կայացավ MIX FIGHT 40 մրցաշարը,որտեղ K1-ի շրջանակներում WKL վարկածով աշխարհի չեմպիոն հռչակվեց հայազգի Ռազմիկ Ղուլինյանը:
Սեփական երկրումմրցելու պատասխանատվության,Կ-1 ֆեդերացիայի, MIX FIGHT 40-ի եւ այլ հարցերի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է աշխարհի չեմպիոն Ռազմիկ Ղուլինյանի եւ MIX FIGHT մրցաշարի կազմակերպիչ Վարդան Մնացականյանի հետ:
Կ-1-ի աշխարհիչեմպիոն Ռազմիկ Ղուլինյան.
-Ի՞նչ զգացողություններ ունեցաք` հաղթելով հայկական հողի վրա,արդյոք հայրենիքում գտնվելու փաստը,սեփական երկրպագուների առաջ ներկայանալը մեծացնո՞ւմ է պատասխանատվության զգացումը:
-Իրոք մեծ պատիվ է սեփական երկրում, սեփական հողի վրա տիտղոս նվաճելը` այն էլ հաղթելով այլազգի մարզիկի: Խոսքերով չեմ կարող նկարագրել զգացածս եւ էմոցիաներս, ուղղակի հպարտ եմ,որ հայ եմ ու կարողացել եմ հաղթանակ տանել հայ հողի վրա:
-Ինչպիսի՞ն է եղել Ռազմիկ Ղուլինյանի` դեպի աշխարհի չեմպիոն տանող ճանապարհը:
-Խոսքերով մեկնաբանելը շատ դժվար է. 3-4 տարի անդադար մարզվել,երկիր փոխել, քաշ գցել եւ նման պայմաններում արդյունք գրանցելը հեշտ չէ: Շատ են դժվարությունները,բայց հենց դրանք են,որ ինձ հնարավորություն են տալիս արժեւորել ինքս ինձ, օրինակ ծառայել մյուս մարզիկներին եւ ապացուցել,որ, Հայաստանում մարզվելով, հնարավոր է մասնակցել խոշոր մրցաշարերի եւ ճանաչվել հաղթող:
-Ո՞րն է Ձեր ամենահիշարժան հաղթանակը:
-Ամենահիշարժան հաղթանակս հենցվերջին մենամարտն էր,որտեղ կարողացա նվաճել աշխարհի չեմպիոնական գոտին: Չնայած այն փաստին, որ ունեի առողջական խնդիրներ,միեւնույն է, դրան ուշադրություն չդարձրի: Մտքումս միայն հաղթանակի հասնելն էր,որը կարողացա անել: Ամեն ինչ կանեմ չեմպիոնական այս գոտինկրկին Հայաստանում պահելու համար:
-Ո՞րն է Ձեր կարիերայի ամենամեծ հիասթափությունը:
-Հիասթափություններ շատ են եղել: Ամենամեծը առանձնացնել չեմ կարող: Հայաստանում մարզվելիս շատ են եղել կոտրող հանգամանքներ, պատահել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով չեղարկվել են մարտերը, կամ նշանակված է եղել մարտը,սակայն մարզվելու տեղ չենք ունեցել: Այսպիսի բաները ինձ համար ավելի շատ մոտիվացնող են եղել,կարողացել եմ անցնել այդ ամենի միջով եւ այսօր գրանցել այսպիսի արդյունք:
-Ինչպե՞ս եք մոտիվացնում մարտերից առաջ ինքներդ Ձեզ:
-Մարտերից 2-3 ամիս առաջ արդեն տրամադրվում եմ մարտին: Ծանոթանում եմ նրա մարտերին,սկսում եմ հետեւել մրցակցիս մարզումներին,անդադար մարզվում եմ եւ աշխատում եմ առողջական խնդիրներ չունենալ: Իսկ մարտի օրը ինչ ուզում է պատահի, եթե նույնիսկ կան առողջական խնդիրներ, կարեւորը միայն հաղթանակի մասին մտածելն է:
MIX FIGHT մրցաշարերի կազմակերպիչ Վարդան Մնացականյան.
-Պարո՛ն Մնացականյան, մի փոքր կպատմեք MIX FIGHT 40 մրցաշարի նախապատրաստական աշխատանքների մասին: Ինչպե՞ս որոշեցիք այդ խոշոր մրցաշարը անցկացնել Հայաստանում:
-Ես արդեն 12 տարի է, ինչ չեմ գտնվում Հայաստանում, բայց շատ մեծ ցանկություն ունեի այս մրցաշարը բերել իմ հայրենիք,որը, չնայած մեծ դժվարությունների, հաջողվեց: Կազմակերպչական հարցերում ինձ շատ օգնեցին Ռազմիկը եւ Դավիթը Ղազարյանը: Իհարկե, նաեւ մեծ աջակցություն ցուցաբերեց Գագիկ Ծառուկյանը, ով բոլոր հարցերով օժանդակեց մեզ, եւ առանց որի այս մրցաշարը կայանալ չէր կարող: Ամեն բան կազմակերպված էր շատ պրոֆեսիոնալ մակարդակով, ինչը հաճելիորեն զարմացրեց հյուրերին, եւ իհարկե բոլորը հասկացան, որ Հայաստանը աֆրիկյան պետություններից չէ:
-Արդեն հայտնի՞ Է Ռազմիկ Ղուլինյանի հաջորդ մրցակիցը
-Ոչ, դեռեւս հայտնի չէ, բայց հնարավոր է` մրցակիցը լինի իսպանացի Խուան Մարտոսը, ով 3 տարի առաջ պարտվել է Ռազմիկին եւ ցանկանում է ռեւանշ մենամարտ անցկացնել, սակայն դեռեւս հստակ ոչինչ չկա:
Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Էդմոն Մարտիրոսյան, Հովսեփ Հովսեփյան