Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը երեկ հայտնել էր, թե ՀՀ արդարադատության նախարարությունում իր նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: «ՀՀ արդարադատության նախարարությունից ստացել եմ փակ, գաղտնի ծրար, որը պարունակում էր տեղեկատվություն առ այն, որ ՀՀ արդարադատության նախարարը կարգապահական վարույթ է հարուցել իմ նկատմամբ:
Մասնավորապես, ըստ 06.03.2019 թվականի 67-Ա որոշման` վարույթը հարուցվել է այն փաստի կապակցությամբ, թե իբր ես 150 սնանկության գործ չեմ հանձնել գրասենյակ` Սնանկության դատարան փոխանցելու նպատակով: Նախ` ափսոսում եմ, որ ՀՀ Արդարադատության նախարարին ներքաշել են իմ եւ Բարձրագույն դատական խորհուրդ հակամարտության մեջ: Քանի որ վերջին շրջանում Բարձրագույն դատական խորհուրդ ուղղված իմ ցանկացած դիմումին պատասխանել է ՀՀ Դատական դեպարտամենտը, ենթադրում եմ, որ տվյալ դեպքում եւս Դատական դեպարտամենտը գործել է ԲԴԽ-ի, իսկ ավելի կոնկրետ` լիազորությունները օրենքի ուժով դադարած անձի ուղղորդմամբ: Չէ՞ որ ընդդեմ ԲԴԽ-ի հարուցված բազմաթիվ հայցերի շրջանակներում սույն թվի ապրիլի 1-ին քննության առարկա է նաեւ վերը նշված անձի գործողությունների իրավաչափությունը»,- երեկ տեղեկացրել էր Պետրոսյանը:
Արդեն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Կարինե Պետրոսյանը հայտնեց, որ իր դեմ կարգապահական վարույթ հարուցելը դիտարկում է որպես ճնշում: Ավելին` Պետրոսյանը պատրաստվում է բացատրություններ ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարին, որը կա՛մ կկարճի այդ վարույթը, կա՛մ կդիմի ԲԴԽ` իրենց պատասխանատվության ենթարկելու համար: Ի դեպ, դատավորն ասաց, որ բոլոր դեպքերում հետ չի կանգնելու իր պայքարից ու խնդրի կարգավորման համար կդիմի անգամ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: