«Տղայական ռազբորկաները», Դիլիջանի զինկոմի որդին ու կրակոցները. հանգուցալուծումը տրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջանի բնակիչ, 1989թ. ծնված Դավիթ Հակոբյանը մեղադրվել է այն բանի համար, որ 2016թ. փետրվարի 9-ին Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանել է Սերգեյ Միքայելյանի հետ: Այդ վիճաբանության ընթացքում Դ. Հակոբյանը ապտակել է Միքայելյանին: Վերջինս փորձել է հանդիպել Դ. Հակոբյանին իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով: 2016թ. փետրվարի 11-ին Ս. Միքայելյանը եւ Դ. Հակոբյանը պայմանավորվել են հանդիպել, հանդիպման տեղի եւ ժամի մասին Դ. Հակոբյանը պետք է տեղեկացներ: Նույն օրը` ժամը 18:30-ի սահմաններում, Ս. Միքայելյանը եւ նրա քրոջ ամուսին Յուրի Սահակյանը Ս. Միքայելյանին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով, որը վարել է Յուրի Սահակյանը, շրջել են Դիլիջանում` սպասելով Դ. Հակոբյանի զանգին:

Յու. Սահակյանը եւ Ս. Միքայելյանն այդ ընթացքում մի քանի անգամ գնացել են Դ. Հակոբյանի բնակության վայր` Դիլիջանի Շամախյան թաղամաս: Ժամը 22:00-ի սահմաններում հերթական անգամ Շամախյան թաղամասից վերադառնալիս Դ. Հակոբյանը Ս. Միքայելյանին սպանելու դիտավորությամբ իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, մեկ անգամ` հետեւի աջ դռան, եւ երկու անգամ` պաշտպանիչ վահանակի ուղղությամբ: Յու. Սահակյանը կտրուկ ավելացրել է մեքենայի արագությունը եւ հեռացել դեպքի վայրից: Ս. Միքայելյանը կրակոցներից հետո ավտոմեքենայի նստատեղից հանել է այնտեղ պահված ինքնաձիգը եւ ավտոմեքենայի պատուհանից 3-4 անգամ օդ կրակել, որպեսզի այլեւս իրենց ուղղությամբ չկրակեն: Նա կրակելուց հետո ինքնաձիգն աղբամանն է նետել:

Կրակոցների հետեւանքով Ս. Միքայելյանին պատճառել է աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք: 2017թ. նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է ճանաչել եւ հռչակել Դավիթ Հակոբյանի անմեղությունը` կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ: Դ. Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել էր, ու նրան անհապաղ ազատ արձակեցին դատական նիստերի դահլիճից:

Քրեական գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը բողոքարկել է դատավճիռը, խնդրել Դ. Հակոբյանին մեղավոր ճանաչել կանխամտածված սպանության եւ ապօրինի զենք-զինվամթերք պահելու համար, կայացնելմեղադրական դատավճիռ: 2018թ. օգոստոսի 28-ին Վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր` Կ. Մարդանյան) որոշել է Վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017թ. նոյեմբերի 28-ի դատավճիռը բեկանել եւ փոփոխել, Դավիթ Հակոբյանի նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում 9 տարի ժամկետով, Դ. Հակոբյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանն այդ դատավճռի դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացրել: Մարտի 1-ին ՀՀ վճռաբեկ դատարանը որոշել է Դ. Հակոբյանի պաշտպան Գ. Հարությունյանի` Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս