Հայաստանում աթլետիկա մարզաձեւով զբաղվելու համար, մեղմ ասած, պայմաններ չկան. չկա նույնիսկ ամենահասարակ 400մ վազքուղի կոչվածը, որը ամենամինիմալ պայմաններից է: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանի հետ:
Տիկին Շահբազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աթլետիկան Հայաստանում գտնվում է զարգացվածության բարձր մակարդակի վրա, իսկ ինչ վերաբերում է պայմաններին, ապա դրանք ահավոր են. «Աշխարհում եթե կա մի երկիր, որը չունի վազքուղի, ապա դա Հայաստանն է: Մենք չունենք միջազգային մակարդակին համապատասխան մարզադաշտեր: Արդեն 2010 թվականից պարոն Էմմիյանը զբաղվում է վազքուղու հարցերով, եւ երբ մենք պայմանագիր էինք կնքել, «Հրազդան» մարզադաշտը սնանկ հայտարարվեց: Հիմա մենք ցանկանում ենք որպես վազքուղի օգտագործել Հանրապետական մարզադաշտը, սակայն մեզ տեղեկացրել են, որ այդ մարզադաշտը լինելու է միայն ֆուտբոլային: Մենք զրուցել ենք նաեւ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, ով մեզ տեղեկացրեց, որ կզրուցի ՈՒԵՖԱ-ի հետ եւ նրանց կբացատրի եղելությունը, իսկ մեզ պատասխան կտա երկու շաբաթվա ընթացքում: Մենք արդեն դիմել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ սպասում ենք նրա պատասխանին»:
Նարինե Շահբազյանը խոսեց նաեւ մարզումների անցկացման վայրի մասին եւ ասաց, որ մարզումները հիմնականում իրականացվում են «Սպարտակ» մարզադաշտում, իսկ լավագույն մարզիկների համար անցկացվում են ուսումնամարզական հավաքներ:
Շահբազյանը անդրադարձավ նաեւ ֆինանսավորմանը եւ նշեց, որ այն ստաբիլ բնույթ չի կրում եւ կապ ունի մարզիկների գրանցած արդյունքների հետ: Այս տարվա ֆինանսավորումը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքերով, կազմել է 33 մլն. դրամ:
Գլխավոր քարտուղարը նաեւ ասաց, որ, կառավարության որոշմամբ, սահմանված են պարգեւատրումներ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին, սակայն խոշոր մրցաշարերում քանի որ չունենք մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներ, այդ պատճառով պարգեւատրումներ այս պահին չկան:
Թավշյա հեղափոխությունից հետո տիկին Շահբազյանը դեռեւս փոփոխություններ չի տեսնում, սակայն չի կորցնում հույսը, որորվհետեւ Նիկոլ Փաշինյանը խոստացել է կատարել մի շարք փոփոխություններ եւ բարելավել աթլետիկայի ներկայիս դրությունը:
«Մենք չունենք մարզաբազա, չունենք հասարակ պայմաններ ո՛չ Երեւանում, ո՛չ էլ մարզերում: Միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզիկները հիմնականում մարզերից են, սակայն մարզերում էլ պարապելու գոնե միջին մակարդակի պայմաններ չկան: Հեղափոխությունից հետո էլ դեռեւս փոփոխություններ չկան, իսկ հիմա սպասում ենք պարոն Փաշինյանի արձագանքին. հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»:
Էդմոն Մարտիրոսյան