Երեկ ՀՅԴ-ականները հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Բանն այն է, որ ապրիլի 2-ին լրանում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավար, արցախյան ազատամարտի հերոս Հրաչ Մուրադյանի սպանության 6-րդ տարելիցը: Ու ՀՅԴ-ականները պահանջում էին վերսկսել քրեական գործի վարույթը` միաժամանակ սպառնալով վրաններ խփել ու նստացույց սկսել դատախազության մոտ:
Ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի. «Գլխավոր դատախազը հավաստիացրեց, որ, չնայած գործի վարույթի կասեցմանը, այս պահին եւս որոշակի գործողություններ են ընթանում: Մենք էլ մի քանի նոր հանգամանքներ ներկայացրինք, Արթուր Դավթյանն էլ խոստացավ անմիջական հսկողության ներքո պահել գործի ընթացքը»:
Հատկանշական է փաստը, որ Մուրադյանի սպանությունը տեղի է ունեցել 2013թ., երբ ՀՅԴ-ն ընդդիմություն էր: Արդեն 2016թ. ՀՅԴ-ն նաեւ կոալիցիա էր կազմել ՀՀԿ-ի հետ, կիսել քաղաքական պատասխանատվություն, bայց այդ ողջ ընթացքում իշխանության մեջ գտնվելով հանդերձ` ՀՅԴ-ն նման ակցիաներ չի արել եւ պահանջներ այն ժամանակվա իշխանություններին չի ներկայացրել` չհաշված մի քանի հարցազրույցները: Ու, թերեւս, խոսուն է փաստը, որ ՀՅԴ-ում կրկին ընդդիմադիր վիճակում են հիշել կուսակից ընկերոջ սպանությունը: