Արտաշատի քաղաքապետին «նեղն են գցել». ավագանու անդամները պահանջում են փոխքաղաքապետերի հրաժարականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաշատի քաղաքապետարանում առաջիկայում բողոքի ալիք է հասունանում: Համայնքի ավագանու անդամներն այս ընթացքում «պարտադրում են» քաղաքապետին կրճատել իր երկու տեղակալներին եւ երկու խորհրդականներին: Բացի այս, համայնքի ավագանու անդամները քննարկում են քաղաքապետարանում կրթության եւ սոցիալական բաժինները միացնելու հարցը:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ավագանու անդամ Հերիքնազ Նազարյանի հետ. «Ուսումնասիրել եւ համեմատել ենք Հայաստանի մյուս քաղաքային համայնքների բյուջեները, ծախսերը, աշխատանքի ծավալը մերի հետ եւ գտնում ենք, որ ճոխություն է այսքան տեղակալ ու խորհրդական պահելը»:

Նշենք, որ Արտաշատի քաղաքապետն ունի երեք տեղակալ եւ երեք խորհրդական, աշխատակազմի քարտուղար եւ մեկ օգնական: Իսկ համայնքի ավագանին պահանջում է թողնել մեկ տեղակալ, մեկ խորհրդական եւ մեկ օգնական: «Երեք տեղակալներից եւ երեք խորհրդականներից չորսի տարիքը 66-ն անցնում է: «Պոլիտբյուրո» է հավաքվել մեզ մոտ. չեմ կարծում, որ արդյունավետությունն այդքան բարձր է:

Բաժիննների միացման կամ դրանց կրճատման հարցն ենք դրել: Մենք այսօր քաղաքում փողոցներ ունենք, որոնք չենք կարողանում վերանորոգել, ասֆալտապատել, մանկապարտեզներում կան խնդիրներ, լուսավորության հարց կա: Մենք կարող ենք նրանց աշխատավարձ տալու փոխարեն այս խնդիրները լուծենք»,- նկատեց ավագանու անդամը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա ընթացքում Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը տեւական ժամանակ պարալիզացված մնաց: Համայնքի ավագանու 13 անդամներից 9-ը չէին մասնակցում ավագանու նիստերին եւ բոյկոտում էին: Նրանք պահանջում էին ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: Իհարկե, հետո Արտաշատի քաղաքապետը կարողացավ ավագանու անդամների հետ ընդհանուր հայտարարի գալ, եւ նրանք սկսեցին նորմալ նիստեր անցկացնել: Բայց, կարծես թե, հիմա ավագանու անդամները քաղաքապետին նեղն են գցել իրենց նոր պահանջներով:

«Քաղաքապետը բացատրում է, խնդրում է, որ գոնե երկու տեղակալ ունենա` հաշվի առնելով, որ աշխատանքի ծավալը մեծ է եւ չի կարող հասցնել: Մենք էլ փորձում ենք իրեն համոզել, որ այս ամենը ճիշտ է: Բայց ոչ մի տեսակի լարվածություն չկա: Աշխատանքային պրոցես է, քննարկում ենք: Չէ՞ որ բյուջեի վերահսկողությունը մեր աշխատանքն է, մեր պարտականությունը: Անցած տարվա դեկտեմբերից մենք քննարկում ենք այս հարցերը: Մենք իրեն բացատրում ենք, որ մենք սրանով քեզ օգնում ենք»,- անկեղծացավ ավագանու անդամը` Հերքինազ Նազարյանը:

Զրույցի ավարտին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ապրիլի մինչեւ 15-ը նիստ կկայանա, որի ընթացքում էլ կքննարկվի աշխատողների կրճատման եւ բաժինների միացման հարցը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հետ. «Այդ ամեն ինչը իրենք չեն պահանջում, այլ կա համապատասխան ձեւաչափ: Եթե կան հարցեր, ապա ավագանու նիստին դրանք քննարկվում են: Այս պահին քննարկվում են օպտիմալացման հարցեր: Բայց ամբողջությամբ ուսումնասիրելու ենք. որ տարբերակը արդյունավետ եղավ քաղաքապետարանի համար, դա էլ կընտրենք»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս