ՊԵԿ-ը ավտոգազալցակայաններում ստուգումներ է իրականացնում․ ինչ խախտումներ են արձանագրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ (այդ թվում՝ 35-ի մոտ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)՝ հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաև իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով: Հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են:

Առանձին տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող հսկողական միջոցառումների արդյունքում՝ ամեն օր գազալցակայաններում ֆիքսվում են իրացված գազի իրական ծավալներն ու օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսերը, ինչի արդյունքում մշտապես իրականացվում են համապատասխան համեմատական վերլուծություններ, որոնցով ի հայտ եկած շեղումների վերաբերյալ կազմվում են համապատասխան նյութեր և հետագա ընթացքը լուծելու համար տրամադրվում հետաքննչական մարմիններին:

Իրականացվող միջոցառումների արդյունքում՝ 4 տնտեսվարող սուբյեկտի մոտ արդեն իսկ ի հայտ են եկել որոշակի շեղումներ` ստացված գազի ծավալների և փաստացի իրացված գազի ծավալների միջև, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան նյութեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ավտոգազալցավորման գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին պահպանել հարկային օրենսդրության պահանջները: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է նաև, որ ցանկացած ցուցանիշի նվազման միտումը գտնվում է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում, և հսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:




Լրահոս