Հայաստանում անասնագլխաքանակի նվազումը բացասական է ազդել անասնաբույժների աշխատավարձի չափի վրա. նրանց վարձատրությունը պայմանավորված է անասնագլխաքանակով:
Կա սահմանված մեկ միավորի արժեք` 120 դրամ. կատարած աշխատանքի դիմաց տարբեր անասնաբույժներ տարբեր չափի են վարձատրվում, դա ինչ-որ հաստիքային գումար չէ:
Այն կախված է անասնաբույժի կողմից սպասարկվող առկա կենդանիների գլխաքանակից: Բացի ցածր վարձատրությունից, անասնաբույժներն ահազանգում են մեկ այլ խնդրի մասին. նրանց համապատասխան տրանսպորտ եւ դիզվառելիք չի տրամադրվում, որպեսզի կարողանան շրջել գյուղերով, մարդկանց տներով եւ պատվաստում անել: Նկատենք, որ եթե ժամանակին պատվաստումներ, դեղեր չարվեն, ապա անասունները կա՛մ կհիվանդանան, կա՛մ էլ կսատկեն: Կան գյուղեր, որտեղ անասնատերն է դեղը գնում եւ ինքնուրույն պատվաստում:
Հայկարամ Օհանյանը 50 տարի է, ինչ Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի անասնաբույժն է: Մեզ հետ զրույցում անասնաբույժը նշեց, որ Ծովինարը հսկայական անասնագլխաքանակ ունի, ապա թվարկեց. «2400 գլուխ խոշոր եղջերավոր, 2300 մանր եղջերավոր, 14 հազար հավ եւ 600 գլուխ խոզ»:
Երկարամյա անասնաբույժը անասնագլխաքանակը թվարկելուց հետո խոսեց առանց այն էլ ցավոտ խնդիրների մասին. «Շատ քիչ ենք վարձատրվում, արձակուրդային չենք ստանում, միայն գլխաքանակով ենք վարձատրվում: Պատվաստումը արեցիր` կստանաս, չէ` չես վարձատրվի: Կոնկրետ տարվա կտրվածքով պայմանագիր է կնքվում նախարարության հետ, բայց չորս ամիս անասնաբույժը աշխատավարձ չի ստանում: Ոչ մի կոպեկ վճարում չի կատարվում` ե՛ւ տարեսկզբին չենք վարձատրվում, ե՛ւ տարեվերջին»:
ArmLur.am-ի հետ զրույցում Օհանյանը հաշվեց, որ մարտ ամսին ստացել է մոտ 100 հազար դրամ աշխատավարձ:
«Տրանսպորտային ծախսերի համար մենք գումար չենք ստանում պետությունից, մարզկետրոն գնալ-գալը մեր հաշվին է, իսկ մենք մարզկենտրոն շաբաթվա մեջ գնում ենք երկու-երեք անգամ` պատվաստանյութ ստանալու, կենդանու արյունը հանձնելու, հաշվետվություն ներկայացնելու համար:
Բուժման ժամանակ անգամ ասեղը, ներարկիչը, ախտահանող նյութերը չեն տրամադրում անասնաբույժներին: Արտահագուստ չունենք` հագնենք, անասնագոմ մտնենք, դուրս գանք, որ հոտ չգա մեզանից: Գյուղացի կա, ում խղճին չի նստում, երբ բարդ աշխատանք ես կատարում, օրինակ` ծննդօգնությունը. չէ՞ որ կեղտոտվում ես, արնոտվում ես. գումար է տալիս: Մարդ էլ կա` ասում է` շնորհակալ եմ ու վերջ»,- իրավիճակը ներկայացրեց Օհանյանը:
Իսկ, ահա, մյուս անասնաբույժը` Միքայել Աբրահամյանը, 1964 թվականից է սպասարկում Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Նուբարաշեն համայնքները: Ինչպես նախորդ անասնաբույժի, այնպես էլ Միքայել Աբրահամյանի համար ամենացավոտ հարցը ցածր աշխատավարձն է: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս տարի անասնաբույժի աշխատավարձը 20 տոկոսով բարձրացել է, այսինքն` մեկ միավոր կենդանու պատվաստման արժեքը կազմում է 120 դրամ. 100 դրամից դարձել է 120 դրամ:
«Չարքաշ աշխատանք է, գիշեր-ցերեկ աշխատում ենք, անձրեւին, ցեխին, բայց ի՞նչ վարձատրություն ենք ստանում: Անասնաբույժը ո՞նց կարող է 20-25 հազար դրամով ընտանիք պահել: Եթե անասնաբույժը 20 հազար դրամ է ստանում, ապա 20 տոկոսի բարձրացումը կազմում է 4 հազար դրամ, այսինքն 24 հազար դրամ, ի՞նչը բարելավես:
Ոչ մի բան: Պետությունը հանդերձանք, կոշիկ չի տրամադրում, հասարակ սառնարան չունենք, որ դեղորայքը պահենք մեջը: Ստիպված մեր ստացած վակցինաները տանում ենք ու դնում մեր կենցաղային սառնարանում, որը չի թույլատրվում: Ընդամենը մեզ տվել են ասեղներ` կենդանիներից արյուն վերցնելու համար, եւ մեկ խալաթ, այն էլ` մեկ տարի առաջ:
Վեց ամիսը մեկ ենք վարձատրվում, քանի որ այդ ամիսներին ենք պատվաստում: Ոչ վարակիչ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման, ծննդօգնության դեպքում չենք վարձատրվում: Ձեռքի փոքրիկ սառնարանն անգամ չունենք»,- վրդովված ներկայացրեց անասնաբույժը:
Անասնաբույժների կողմից բարձրացրած մյուս կարեւոր պահանջը վերաբերում է կենդանիների համարակալմանը: Նրանց խոսքերով` ոչխարների պատվաստման դեպքում համարակալումը խիստ անհրաժեշտ է: «Անասնատերը, եթե ունի 500 գլուխ ոչխար, ապա դրանից գոնե 50-ը պետք է ստուգվի, բայց նշան չկա արված, պլանային ձեւով վերցնում են ու պատվաստում: Կարող է բրուցելոզ դուրս գա, ուրեմն էդ մարդու ունեցած ամբողջ գլխաքանակը պետք է խոտանվի: Եթե կենդանին համարակալված չէ, անասնաբույժն ինչ պետք է անի, որ իմանա` սա հիվանդ էր, նա չէ»,- ասաց Միքայել Աբրահամյանը:
Վայոց Ձորի մարզի Ելփին բնակավայրի անասնաբույժ Արթուր Նազարյանը եւս իր մտահոգությունները հայտնեց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում. «Ես դեմ չեմ, որ մանկավարժներն օգտվում են պետական աջակցությունից, սոցիալական փաթեթներից, հիվանդանոցներից, իսկ ինչո՞ւ անասնաբույժին չի տրվում այդ ամենը: Անասնաբույժների մեծ մասը հիվանդ են բրուցելյոզով. դա կապված է իրենց աշխատանքի հետ, կենդանիների շփումից: Իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ բրուցելյոզի բուժումը երկար տարիներ է տեւում»:
Չնայած անասնաբույժների դժգոհություններին` գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը հայտարարեց, որ անասնաբույժներին տրվել են արտահագուստներ, ավտոմատ ներարկիչներ: Ապա ոգեւորված հայտարարեց, որ 20 տոկոսով ավելացվել է նրանց աշխատավարձը, եւ հաջորդ տարի եւս նախատեսվում է եւս 20 տոկոսի ավելացում:
«Կարծում եմ, որ բոլորն էլ ստացել են: Գիտեմ` անասանբույժների մի մասը տարիներ առաջ ստացել են անհատական սառնարաններ, միգուցե դրանց շահագործման ժամկետն անցել է, բայց, մեր հարցումներով, բավականին անասնաբույժներ ունեն սառնարաններ»,- տեղեկացրեց փոխնախարարը:
Իսկ, ահա, համարակալման մասով հայտարարեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակում է համարակալման ներդրման ծրագիր: Եւ մինչեւ այս տարվա վերջ հստակ կունենանք համարակալման համալիր ծրագիր. «Հուսանք` 2020 թվականից կհայթայթենք ֆինանսական միջոցներ հանրապետությունում համարակալումը իրականացնելու համար»:
Սյունէ Համբարձումյան