Հայաստան-Արցախ հարաբերությունները` վտանգի տակ. ինչ հետևանքներ կթողնի ամենավերին օղակների խառնվելը գործին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանի քաղաքական կյանքում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել: Իհարկե, դատավարություններ շատ են եղել Հայաստանի կյանքում, սակայն այսպիսի քաղաքական իրավիճակ, որը նաեւ փակուղային է, չի եղել:
Ինչպես հայտնի է, Արցախի ներկա եւ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը նույն օրն անձնական երաշխավորություն էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ այսօր կամ էլ ծայրահեղ դեպքում վաղը ԼՂ նախկին եւ ներկա նախագահներն անձամբ կգան դատարան եւ կհաստատեն իրենց միջնորդությունը:

Իսկ ինչո՞ւ է իրավիճակը փակուղային. ստացվում է` Արցախի պատմության երեք նախագահներից մեկը կալանավորված է, իսկ մյուս երկուսը պահանջում են նրա ազատությունը, ընդ որում` նրանցից մեկն էլ գործող նախագահ է:

Այստեղ այլ կարծիք լինել չի կարող, եւ ակնհայտ է, որում միջնորդությունն էլ լինի եւ ում համար էլ որ լինի, այն բոլոր մարդիկ, որոնք որեւէ կերպ առնչություն են ունեցել մարտի 1-ի դեպքերին, պետք է պատասխանատվության ենթարկվեն` անկախ իրենց ունեցած կարգավիճակից: Եվ դատարանի վրա ցանկացած ազդեցություն կարող է շատ վատ անդրադառնալ արդարադատության համակարգի վրա:

Սակայն, մյուս կողմից, մենք ունենք մի իրավիճակ, որ անձնական երաշխավորություն է ներկայացրել Արցախի ընտրված եւ լեգիտիմ նախագահը, եւ այստեղ կապ չունի, թե ում համար է ներկայացված միջնորդությունը: Եթե տրվում է երաշխավորություն, առաջին հերթին առաջնորդվում ենք այն վարկածով, թե ով է միջնորդություն ներկայացրած անձը, այլ ոչ թե ում համար է ներկայացվել:

Եվ այստեղ կարող ենք մեջբերել Քրեական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածը, որն էլ հենց սահմանում է անձնական երաշխավորություն ներկայացնելը:

Եվ հոդված 145-ում գրված է. «Անձնական երաշխավորությունը վստահություն վայելող անձանց գրավոր պարտավորությունն է այն մասին, որ նրանք իրենցխոսքով եւ մուծվող դրամական գումարով երաշխավորում են կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը եւ այլ դատավարական պարտականություններ կատարելը»:

Եվ ելնելով նաեւ այս հոդվածից ու միջնորդություն ներկայացրած անձանցից` ստացվում է, որմերժելու դեպքում դատարանը մերժելու է Արցախի ընտրված նախագահին: Դրա հետմեկտեղ այդպես վտանգի տակ է դրվում երաշխավորի ինստիտուտը: Ի դեպ, հիշում եք, օրինակ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեպքում բավարարվում էին պատգամավորների միջնորդությունը, ինչը երաշխավորի ինստիտուտի առկայության մասին է խոսում: Եւ Արցախի նախագահի դեպքում կլինի շատ անհարմար իրավիճակ, նաեւ նրա հանդեպ վերաբերմունք:

Հիմա դատարանը պետք է կարողանա այնպես հիմնավորել երաշխավորության մերժումը, որ, նախ, այդ ինստիտուտը չվտանգվի, եւ որպես վատ վերաբերմունք չընկալվի Արցախի նախագահի վերաբերյալ: Մյուսկողմից էլ այս երաշխավորությունն ու իրավիճակն ունի նաեւ այլ կողմ. ստացվում է` արցախյան կողմը փորձ է անում խառնվել ՀՀ ներքին գործերին: Եվ այստեղ տեղին է հիշել տարիներ առաջ մի իրավիճակ, երբ լրիվ հակառակ պատկերն էր:

Երբ Արցախում ընթանում էր Սամվել Բաբայանի դատավարությունը, որմեղադրվում էր Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար, Հայաստանից բազմաթիվ միջնորդություններ էին ներկայացվել իրավապահներին՝ նրան ազատ արձակելու խնդրանքով, սակայն արցախյան կողմից հստակ ասվել էր.«Մի՛ խառնվեք. սա մերներքին գործն է»:

Հիմա արդեն հակառակ իրավիճակն է, սակայն իրականում շատ լուրջ պահ է ստեղծված: Եվ այստեղ ամենեւին կարեւոր չէ, թե ում համար է ներկայացված միջնորդությունը, կամ ով է այս նախաձեռնության թիկունքում: Այստեղ կարեւորն այն է, որ միջնորդություն է ներկայացրել Արցախի նախագահը, եւ այստեղ պետք է արդեն մտածել եւ հաշվարկել, թե ինչպես կարող է միջնորդության ընդունումը կամ մերժումը անդրադառնալ Արցախ-Հայաստան հարաբերությունների վրա: Ի վերջո, վերջին շրջանում հաճախ են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հակադիր հայտարարություններ հնչում:

Եվ հետաքրքիր է նաեւ Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի մեկնաբանությունը, ով այդ երաշխավորությունն անվանել է մարդասիրական քայլ եւ ընդգծել, որ Արցախում այդպիսի տրամադրություններ կան: «Ես կարծում եմ` այն, ինչ-որ արդեն ասվել է, ինչ-որ ներկայացվել է, դա բավարար է հասկանալու համար, որ խոսքը վերաբերում է ոչ թե դատավարության վրա որեւէ ազդեցության, այլ կալանքը փոխելու հարցին, եւ այստեղ ուզում եմ, որ դրան վերաբերվենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային եւ ընկերական հարաբերությունների արդյունք: Վստահ եմ, որ դուք էլ երեւի տեղյակ եք, որ Արցախում կան այդպիսի տրամադրություններ, եւ անհնար է այդ տրամադրություններին չարձագանքել»,- նշել էր նա:

Ըստ էության, նա եւս մեկ անգամ փաստեց, որ Արցախում ցանկանում են Ռոբերտ Քոչարյանին տեսնել ազատության մեջ եւ դրան խառնվել են ամենավերին օղակներով, եւ չի բացառվում, որ դրանց մերժումն իսկապես կարող է անդրադառնալ Արցախ-Հայաստան հարաբերությունների վրա, եւ դա շատ լավ գիտակցում են նաեւ նոր իշխանությունները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս