Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախկին իշխանության հերթական ներկայացուցիչն է հետհեղափոխական կառավարությունում: Նրա մուտքը «Նոր Հայաստան» բավականին հիշարժան էր: Երբ անցյալ տարի` մայիսի 1-ին, ԱԺ-ն հատուկ նիստում վարչապետ էր ընտրում, Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած միակ ՀՀԿ-ական թեկնածուն Ֆելիքս Ցոլակյանն էր:
Ու մինչ ՀՀԿ-ում իրար էին անցել տեղի ունեցած անսպասելի «դասալքության» հետեւանքով, ֆեյսբուքահայությունն էլ ցնծում էր պատգամավորի «դուխով» քվեարկությամբ, Ցոլակյանն այսպես մեկնաբանեց իր որոշումը. «Հարգելի՛ հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին` իմ խղճի թելադրանքով»: Քվեարկությունից հետո, որի արդյունքներով վարչապետ չընտրվեց, Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Գեներալ Ֆելիքս Ցոլակյանն իր սեփական անունը ոսկե տառերով է գրել ժողովրդի սրտերում եւ հոգիներում»: Ցոլակյանի օրինակը վարակիչ դարձավ, եւ մայիսի 8-ին տեղի ունեցած երկրորդ քվեարկության ժամանակ, դեմ գնալով ֆրակցիայի որոշանը, ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը նույնպես անսաց խղճի ձայնին եւ կուսակցությունից հեռացվելու գնով կողմ քվեարկեց Փաշինյանի օգտին:
Ո՞վ էր Ֆելիքս Ցոլակյանը մինչեւ հեղափոխությունը
Արդեն քիչ վերը նշեցինք, որ հեղափոխության օրերին Ցոլակյանը Աժ ՀՀԿ-ական պատգամավոր էր: Նա պետական համակարգում աշխատում է անհիշելի ժամանակներից: Մասնավորապես` 1976-1980թթ. ընտրվել է ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա` 2-րդ քարտուղար, 1980-1985 թթ. տեղափոխվել է Պետական անվտանգության կոմիտեի /ՊԱԿ/ Գորիսի բաժանմունք` որպեսօպերլիազոր, ապա` ավագ օպերլիազոր: 1985-1991թթ. զբաղեցրել է ՊԱԿ-ի Եղեգնաձորի բաժանմունքի պետի պաշտոնը, 1991-1992թթ Եղեգնաձորի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ է աշխատել: 1993-1996թթ. նշանակվել է Ազգային անվտանգության /ԱԱ/ վարչության Մասիսի բաժանմունքի պետ, 1996-1997թթ.` ՀՀ ԱԱ Շիրակի մարզային վարչության պետ: Այնուհետ` շուրջ երկու տարի` 1997-1999թթ., աշխատել է ՀՀ ԱԱ Երեւանի քաղաքային վարչության պետն էր:
Քոչարյանի պաշտոնավարման օրոք` 1999-2003 թթ., ղեկավարել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը, այնուհետ աշխատանքի անցել ԿԱ հարկային պետական ծառայությունում` որպես պետ: 2007թ. հուլիս-նոյեմբերին եղել է ՀՀ նախագահի խորհրդական, իսկ 2007թ.նոյեմբերի 1-ից նշանակվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի տեղակալ: 2013-2016 թթ. վերադարձել է հայրենի Շիրակ մարզպետի կարգավիճակում, ապա «հետ կանչվել» Սերժ Սարգսյանի կողմից` նշանակվելով վերջինիս վերահսկողական ծառայության ղեկավար: Իսկ, ահա, նոր կառավարությունում 2018-ի հոկտեմբերից Ցոլակյանը վերստին «իր հագով» պաշտոնի նշանակվեց` ԱԻ նախարար, եւ, փաստորեն, վերադարձավ աշխատանքային ակունքներ` ուժային կառույց:
Բազմազավակ ընտանիքից սերող
67-ամյա Ցոլակյանը ծնվել է Շիրակի մարզի (նախկինում` Անիի շրջան) Ներքին Ջրափի գյուղում, ինչպես ինքն է մի առիթով նշել, ավանդական, բազմազավակ ընտանիքում: Նա իր ծնողների 7 զավակներից ավագն է, ամուսնացել է բազմազավակ մեկ այլ` 8 երեխա ունեցող ընտանիքից սերող կնոջ` Զինաիդա Բարսեղյանի հետ:
Ինքը` Ցոլակյանը, թեեւ ավանդապահ մարդ է` ընտանիքը սրբություն համարող, մեծերին հարգելն ու լսելը որպես սկզբունք կիրառող, սակայն չի կրկնել հոր` Խոստեղ Ցոլակյանի հերոսությունը` 7 զավակ չի ունեցել, բավարարվել է մեկ դուստր եւ մեկ որդի ունենալով: Հանգամանքների բերումով ստիպված է եղել աշխատել ՀՀ տարբեր շրջաններում` Արարատ, Գորիս, Եղեգնաձոր, Գյումրի, Երեւան, Մասիս եւ այլն:
Դուստրը բանասեր է, մանկավարժություն է դասավանդում Երևանի պետական համալսարանում, տղան ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, ապա սովորել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, գիտությունների թեկնածու է, թեզը պաշտպանել է պատմական գիտությունների գծով, դասավանդել է ԵՊՀ-ում, սոցապ նախարարի խորհրդականն է եղել, փեսան բժիշկ է, հարսը` արաբերենի մասնագետ: Ցոլակյանն անկուսակցական է, պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալներով: Նրա ընտանիքը հաշվառված է Արարատի մարզի Մասիս քաղաքում:
Խմբագրված կենսագրություն
Գեներալ-լեյտենանտի կոչումով ԱԻ նախարարը մասնագիտությամբ պատմաբան է, 1974թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Նկատենք, որ տարիներ առաջ` 2013-ին, «Դե ֆակտո» ամսագիրը Ցոլակյանի հետ հարցազրույց էր վարել եւ նրա կենսագրականում հիշատակել հետեւյալ տվյալը.«սովորել է ՊԱԿ-ի Մոսկվայի բարձրագույն դպրոցում, որակավորվել է ՊԱԿ-ի Տաշքենդի հատուկ դասընթացներում»: Կենսագրական այս դրվագը, սակայն, բացակայում է Ցոլակյանի` կառավարության կայքում զետեղված տեղեկանքում:
Ուշագրավ է, որ պետական ապարատում աշխատելու սոլիդ փորձով պաշտոնյայի անունը անցած տարիների ընթացքում որեւէ սկանդալի կամ մութ պատմության կոնտեքստում չի շրջանառվել: Նկատենք, որ նա բնութագրվում է որպես կիրթ, համեստ, մարդամոտ անձնավորություն, որը չի սիրում խոսել ծրագրերից ու տեսլականներից, այլ կատարված աշխատանքից: Նա աչքի է ընկնում նաեւ շիրակցիներին հատուկ «դուզբողազ»` ուղղամիտ բնավորությամբ, որի աշխատանքից, որքանով կարողացանք պարզել մեր աղբյուրներից, գոհ են եղել ոչ միայն նախկին իշխանության վերին էյշելոններում, այլ նաեւ իր հայրենի բնակավայրում շարքային քաղաքացիները:
Մասնավորապես` մարզպետ աշխատած տարիներին նա կարողացել է հաշտարարի առաքելություն ստանձնել, այնպիսի մթնոլորտ ձեւավորել, որ բոլորի` մարզպետարանի, քաղաքապետարանների ու համայնքների ջրերը «նույն առվով» գնան: Հարկ է նշել, որ այն պաշտոնները, որոնք նա է զբաղեցրել, դասվում են «յուղոտների» շարքին: Եւ եթե վերհիշենք, թե ովքեր են մինչ Ցոլակյանն ու նրանից հետո այդ պաշտոնները զբաղեցրել, ապա միլիոնատերերի ու կոռուպցիոներների «համապարփակ» ցուցակ կկազմենք: Որպես ուղղմտության վառ օրինակ` թերեւս արժե հիշել Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին նրա հակադարձումը: Ի պատասխան լրագրողի հարցին` այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Ցոլակյանը, որի խմբակցությունը պատրաստվում էր Սարգսյանի վարչապետությանը, նշել էր, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի չէ. անփոխարինելի են միայն մարդու ծնողները:
Հեղինե Մանուկյան