«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան Արթուր Հակոբյանն է: Մենք բացահայտել ենք նրա սովորությունները, բնավորության` միայն իրեն բնորոշ գծերը:
-Պարո՛ն Հակոբյան, փորձում եք կյանքից վերցնել մաքսիմալ…
-Հիշողություններ: Եթե հիշողություն չունես, ուրեմն չես ապրել:
-Ըստ Ձեզ` ի՞նչը կփրկի աշխարհը:
-Մեկ ասում են` գեղեցիկը, մեկ` սերը: Ես կարծում եմ` այս աշխարհը կարող է փրկել միայն բարձրյալը: Ոչ մի երկրային էակ ընդունակ չէ դրան:
-Մի բան, որ ամենահարազատ մարդուն անգամ չեք ների:
-Դավաճանությունը:
-Ինքներդ Ձեզ քսան տարի անց ինչպիսի՞ն եք պատկերացնում:
-Շատ հավեսով, անկրկնելի պապիկ կլինեմ. պարզապես վստահ եմ: Կարող է` թոռներիս բրդուճ անեմ, ուտեմ, խայտառակ լինեմ (ծիծաղում է):
-Ունե՞ք վատ սովորություն, որից չեք հրաժարվի, եթե անգամ աբողջ աշխարհը պնդի:
-Ո՛չ, հիմա չեմ ծխում, չեմ խմում. երբ որոշ հիվանդություններ ձեռք բերեցի, թողեցի:
-Թիկունքից հարվածողներ շա՞տ ունեք:
-Վերջերս եմ թիկունքից հարված ստացել հարազատ մարդուց: Դա ցավոտ է:
-Լուռ հեռացո՞ղ եք, թե՞ աղմուկ եք բարձրացնում:
-Ո՛չ, երբեք լուռ հեռացող չեմ եղել, մարդու երեսին շխկացնում եմ այն, ինչ մտածում եմ: Չեմ սիրում պատերի տակ խոսել: Եթե ուզում են, կարող են, թող իմ ասածին պատասխանեն:
-Կա՞ մի բան, որ անպայման ուզում եք իրագործել, բայց դեռ չի ստացվում:
-Այո՛, ուզում եմ տուն ունենալ: Չգիտեմ` կհասցնեմ այդ նպատակս կյանքի կոչել, թե ոչ:
-Մարդիկ Ձեր մեջ առաջինն ի՞նչ են նկատում:
-Ասում են, որ լավ զրուցակից եմ: Երեւի դա սերտորեն կապված է մասնագիտությանս հետ: Իհարկե, կարեւոր է, որ դիմացինս եւս լավ զրուցակից լինի, այլապես փախուստի եմ դիմում:
-Ձեր կյանքի դժվարին փուլն ինչի՞ հետ է կապված եղել:
-Կարծում եմ` ամենադժվարը դեռ առջեւում է: Իսկ անցյալից կարող եմ նշել 1988-ի երկրաշարժի տարին, որն աղետալի էր ոչ միայն ինձ, այլեւ ամբողջ հայ ազգի, հատկապես գյումրեցիներիս համար:
-Կնոջը ի՞նչն է հմայիչ դարձնում:
-Ասում են` ամենադժվար մասնագիտությունը մարդ մնալն է: Կնոջ համար սրան գումարվում է եւս մեկը` կին մնալը, որն աշխարհում ամենաբարդ բաներից մեկն է: Տղամարդկանց պատկերացմամբ` նրանք պետք է անընդհատ ֆորմայի մեջ լինի, ժպտան, բայց կյանքն այնպիսի բան է, որ դա հաճախ հնարավոր չի լինում, իսկ մենք` ախմախ տղամարդիկս, անընդհատ դա պահանջում ենք:
-Ձեզ զգում եք ինչպես ձուկը ջրում տնտեսակա՞ն, հագուստի՞, թե՞ մթերային խանութում:
-Շոփինգի սիրում եմ գնալ, երբ հավես եմ ունենում, իսկ դա հազվադեպ է պատահում:
-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են դերասան դառնալ:
-Մասնագիտական կրթությունը լավ բան է, այն անհրաժեշտ է, բայց եթե մարդ չունի աստծո կողմից տրված շնորհ, թող չմոտենա այս մասնագիտության: Ես ոչ թե խորհուրդ եմ տալիս, այլ խնդրում եւ աղաչում եմ: Երկու տարի կնկարահանվեք, երկու օր չեք երեւա էկրանին, ձեզ կմոռանան: Կնշանակի` վատ դերասան եք:
-Հայտնի դառնալուց հետո ի՞նչն է փոխվել Ձեր կյանքում:
-Ոչ մի բան այն իմաստով, որ մեծամիտ չեմ դարձել:
-Ավելի շատ այցելում եք քահանային, թե՞ հոգեբանին:
-Երկուսին էլ, եթե դրա անհրաժեշտությունը լինում է: Քահանան մաքրում է հոգիս, իսկ հոգեբանը` մտքերս: Նա ռետինով ջնջում է այն թունավոր երեւույթները, որոնք կան գլխիս մեջ:
-Որքանով գիտեմ` բավական բռնկուն եք, այո՞:
-Այո՛, շատ բռնկուն եմ եւ դրանից առաջինը տուժում եմ ես, բայց չեմ կարող սուս մնալ, երբ վատ երեւույթի եմ հանդիպում:
-Խի՞ստ հայրիկ եք:
-Այո՛, միեւնույն ժամանակ նաեւ բարի:
-Ինչպիսի՞ երեխա եք եղել:
-Կռվարար էի: Հիշում եմ` կամ ես էի հարեւանի երեխեքին ծեծում, կամ իրենք` ինձ, հետո մի հատ էլ մայրս էր տանը ինձ ծեծում դրա համար:
-Երբ ամեն բան վատ է, ինքներդ Ձեզ ասում եք…
-Երբ ջահել էի, ասում էի` լավ կլինի, բայց հիմա ասում եմ` ի՞նչը լավ կլինի, տղա ես` դիմացիր, եթե կարող ես` ինչ-որ բան արա, եթե ոչ` վեր ընկիր տեղդ:
-Կա՞ մի խորհուրդ, որ տվել են Ձեզ եւ երբեք չեք մոռանա:
-Այո՛, հայրս է ասել, որ երբեք զուր տեղը խոստում չտամ, եթե չեմ կատարելու:
-Ձեր երազած փոխադրամիջոցը:
-Դա մի գնացք է` 50 վագոնով եւ 10 ընտանիքով: Մի ամբողջ քաղաք-գնացք, որտեղ կան խանութներ, խաղատներ, լողավազաններ, մարզասրահներ, ու մարդիկ անընդմեջ ճամփորդում են աշխարհով:
-Ո՞վ է Ձեր սիրելի բանաստեղծը:
-Բոլոր հայ դասականներին սիրում եմ, բայց կառանձնացնեի Շիրազին:
-Եվ վերջում` երջանիկ լինելու համար Ձեզ ի՞նչ է հարկավոր:
-Առողջություն, փող ու շատ: Խելոք մարդու համար փողը դարդ չէ…
Աննա Բաբաջանյան