Հունիսի 14-ին Իջեւան քաղաքում որսորդական հրացանից կրակել են Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքի ղեկավար, 1984թ. ծնված Գրիգոր Սարհատյանի վրա, որը ստացել է աջ ազդրի ստորին երրորդականի միջանցիկ հրազենային վիրավորում, բազմաբեկոր բաց կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ: Երբ Գ. Սարհատյանը ավտոմեքենայից իջել է, հանցագործը նրա ոտքին կրակել է:
Դեպքից հետո Գ. Սարհատյանը տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, ուր նրա ոտքը անդամահատվել է: Հունիսի 24-ին նա այդ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Իջեւան քաղաքում, որպես այդ հանցագործության մոտիվ, նշում են ենթադրյալ հանցագործի եւ Գ. Սարհատյանի միջեւ հին, չպարզված հաշիվները, որոնք պարզելու համար նրանք գնացել են իրենց ընդհանուր ծանոթի տուն: Երեք երեխաների հայր Գրիգոր Սարհատյանը, ում խնամքին են նաեւ կինը, մայրը եւ տատը, Լուսահովիտ համայնքի ղեկավար է ընտրվել 2018թ. դեկտեմբերի 3-ին:
Հանցագործության դեպքի արթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը») եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի(«Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») հատկանիշներով:
Քրեական գործը քննում է Տավուշի մարզային քննչական վարչության քննիչ Եփրեմ Գալստյանը: Նրանից տեղեկացա, որ դեպքից 10 օր անց նշված քրեական գործով ձերբակալված կամ կալանավորված անձ, հետախուզվող չկա,հանցագործության գործիքը հայտնաբերված չէ: Քննիչ Գալստյանը հայտնեց, որ այդ ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:
Դեպքը տեղի է ունեցել Իջեւան քաղաքի կենտրոնում` Տավուշի մարզպետարանի շենքի մոտակա շենքերից մեկի բակում: Իջեւան քաղաքից ստացված տեղեկություններով`այդ ժամանակ 2 կին, որոնք նշված տարածքում են ապրում, անմիջականորեն տեսել են բակում կատարվածը եւ հանցագործությունը կատարող անձին: Իջեւանում շատերը գիտեն, թե ով է կատարել այդ հանցագործությունը, ով նախկինում էլ աչքի է ընկել ոչ օրինապահ վարքով: Տեղեկություններ կան, որ դեպքի ականատեսները հանցագործություն կատարող անձի ինքնությունը չեն նշում, քանի որ վախենում են կամ չեն ցանկանում հանցագործի մոտ վատամարդ դառնալ:
Իսկ մենք դեռ խոսում ենք իրավական երկիր լինելու հեռանկարի մասին:
Ոսկան Սարգսյան
Տավուշ