Ինչ եղան խոստացված աշխատատեղերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին, երբ Իջեւանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական ավտոճանապարհը, ցուցարարների մոտ էր եկել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա փայտի օգտագործման պայմաններից բացի անդրադարձավ աշխատատեղերի հարցին, հայտարարեց. «Վաղը առավոտյան մեր կայքում հայտարարություն կբացվի, վաղվա համար առնվազն 50 աշխատատեղ` 8 հազարից 15 հազար դրամ օրական. ի՞նչ աշխատանք ա, ի՞նչ ա իրենից ներկայացնում: Յուրաքանչյուրդ կարող եք գալ մարզպետարան եւ այդ աշխատանքի առաջարկը ստանալ ու գնալ աշխատել»:

Այդ օրվանից մինչ օրս Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով առնվազն 50 աշխատատեղի մասին մարզպետի նշած տեղեկատվությունը չհայտնվեց: Հուլիսի 19-ին այդ կայքում տեղադրվել է հայտարարություն այն մասին, որ մարզպետարանը պետական կառույցների եւ մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ հաշվառել է 320 թափուր աշխատատեղ․ դիմումը ստանալու պահից` 48 ժամվա ընթացքում, Տավուշի մարզպետարանի մասնագետները հետադարձ զանգով կապ են հաստատում քաղաքացու հետ եւ առաջարկում կոնկրետ աշխատանք:

Հայտարարության մեջ նշված է` «Աշխատատեղերի մասին խոսակցությունը միֆ չէ»: Մարզպետարանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հուլիսի 25-ի ժ. 18.00 դրությամբ աշխատանք ունենալու ակնկալիքով Տավուշի մարզպետարան է դիմել 170 քաղաքացի, 138 քաղաքացու դիմում փոխանցվել է Զբաղվածության տարածքային կենտրոն, 6 քաղաքացի հրաժարվել է իրեն առաջարկած աշխատանքից, 36 քաղաքացի աշխատանքի ընդունվել է, 89 քաղաքացու եւ գործատուի հետ հանդիպումը քննարկման փուլում է: Իսկ թե ինչ աշխատանքներ են դրանք, արդյոք մարզպետի ասած բարձր աշխատավարձով աշխատանքն է եղել, այդպես էլ չիմացվեց:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս