Հայաստանի կառավարությունը նախատեսում է 2020 թվականից մարզերում բազմաբնակարան շենքեր կառուցել, ինչի արդյունքում մարզաբնակ երիտասարդ ընտանիքները կկարողանան հիփոթեքային տարբերակով բնակարաններ գնել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ Քաղաքաշինական կոմիտեից: Ինչպես հայտնի է, Քաղաքաշինության կոմիտեն բնակարանաշինական նոր նախագիծ է մշակել մարզերի նորաստեղծ ընտանիքների համար: Այսինքն` այն ընտանիքները, որոնք գումար չունեն նոր բնակարան գնելու, կարող են այն վարձակալել պետությունից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզերում կառուցվելու են 4 կամ 5-հարկանի շենքեր` միջազգային ստանդարտներին համապատասխան։ Ի դեպ, ծրագիրը կիրականացվի Վանաձոր, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում, ինչպես նաեւ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում: Քաղաքաշինական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Գյումրիում Շիրակի եւ Լոռու մարզերի անօթեւանության եւ տնակների հաշվառման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի արտագնա նիստին հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցելուց հետո սկսում են այս ծրագիրը:
Նրա խոսքով` սկզբնական փուլում կկառուցվեն 1-ական սեյսմակայուն բնակելիներ` 4 կամ 5-հարկանի. «Դրանք լինելու են նոր սերնդի` էներգաարդյունավետ, միջազգային բոլոր նորմերին համապատասխան տներ` աշխարհին ապացուցելու համար, որ կարող ենք»: Ըստ Վահագն Վերմիշյանի` շենքերը կառուցվելու են 1 տարվա ընթացքում։ Եթե ծրագիրը հաջողվի, ապա այն շարունակական կլինի:
Սյունէ Համբարձումյան