ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կինոյի կեղծ և ձախողված «աղջիկները»՝ հայկական ժամանակակից ֆիլմերում ու սերիալներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դժվար է ասել՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը, թե ոչ, բայց կինոն փրկել գեղեցկությունը չի կարող: Բոլոր ժամանակներում ռեժիսորները, պրոդյուսերները ունեցել են այդ գայթակղությունը ֆիլմի կամ սերիալի, այսպես ասած, աղջկա գլխավոր կերպարը վստահել գեղեցկուհու, որը շատ դեպքերում բնավ կապ չունի կինոաշխարհի հետ: Իհարկե, դա միջոց է լայն լսարան գրավելու համար, բայց արդյունքում հաճախ տուժել է արտադրանքի որակը:

Հայկական ժամանակակից ֆիլմերում եւ սերիալներում եւս կարելի է նմանատիպ օրինակներ տեսնել: Ցավալին այն է, որ ֆիլմերի «տղաները» հաճախ բավական տաղանդավոր դերասաններ են, բայց, ահա, նրանց խաղընկերուհիները փչացնում են ամբողջ պատկերը: Վերջիններիս պատճառով հեռուստադիտողը ոչ մի կերպ չի հավատում զույգի սիրուն, «կինոյի աղջիկները» կեղծ են, ոչ պրոֆեսիոնալ, հաճախ սառը, անհաղորդ: Այնպիսի տպավորություն է, որ նրանց ասել են. «Ուղղակի մտի՛ր ու ասա՛ այս խոսքերը»: Եթե նրանց թողնեին, պարզապես վազելով դուրս կգային խաղահրապարակից: «Ժողովուրդ» օրաթերթն առանձնացրել է կինոյի «կեղծ աղջիկներից» չորսին:

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյան

«Մի վախեցիր» ֆիլմը 2007-ին մեծ իրարանցում առաջացրեց հայկական կինոոլորտում: Կարող ենք հստակ ասել, որ այն սիրվեց: Աղջիկներ ու ռեստորաններ, շքեղ մեքենա, հաշիշ եւ ախպեր-ընկերներ. սա է նախկին կուսակցական պաշտոնյայի որդու՝ Արման Արամյանի կյանքը… Այս ամենի հետ մեծ ու իրեղեն մի սեր։ Մարի… Նա միակն ու լուսավորն է Արմանի կյանքում։ Հենց Մարիի կերպարն էլ վստահվել էր Լուսինե Թովմասյանին, որը հատկապես այդ տարիներին համակրանք էր վայելում եւ օրումեջ հայտնվում ամենատարբեր ամսագրերի շապիկներին: Նրան ֆիլմում ներառելը գուցե շահեկան քայլ էր, բայց ոչ հաջողված: Լուսինեն բառացիորեն տապալեց իրեն վստահված կերպարը՝ մնալով Խորեն Լեւոնյանի ստվերում: Վերջինիս ջանքերը՝ իր խաղընկերուհուն մտցնել պրոցեսի մեջ, ապարդյուն էին: Լուսինեն խաղում է սառը, արհեստական, շինծու: Մենք տեսնում ենք Խորեն Լեւոնյանի դիմախաղին, կեցվածքին, խոսքին անհամապատասխան ու անհամարժեք խաղ: Եթե խոսքը համեստ աղջկա կերպարի մասին է, դա դեռ չի նշանակում, թե նա չպետք է դրսեւորվի իր բնավորությանը բնորոշ կողմերով, բայց Լուսինեն այդպես էլ պատյանից դուրս չեկավ:

Հեռուստահաղորդավարուհի, հոգեբան Սոֆյա Պողոսյան

Սոֆյային կինոաշխարհ է բերել միանշանակ իր արտաքինը: Ընդ որում, խոսքը ոչ թե ինքնատիպ, յուրահատուկ տեսքի, այլ դասական բարբիի կերպարի մասին է: Միշտ էլ կա մի ստվար զանգված, որին դուր են գալիս նման արտաքինով աղջիկները եւ կանայք, Սոֆյան էլ ամբողջովին բավարարում է նրանց պահանջները: Միայն թե դերասանական խաղը, հատկապես սկզբնական շրջանում, նրա մոտ տուժում էր: Հիմա թերեւս հունի մեջ ընկնելով, շփվելով պրոֆեսիոնալների հետ` նա ձեռք է բերել ինչ-ինչ հմտություններ, եւ լրատվամիջոցներն էլ սկսել են նրան որպես դերասանուհի ներկայացնել: Բայց այն, որ Սոֆյայի խաղը, մեղմ ասած, անհաջող է, կփաստեն շատ կինոքննադատներ: Նա սառցե գեղեցկուհու իր տեսակով հաճախ պարզապես արտասանում է անգիր արած խոսքերը: Ապրումները ցուցադրելու կարողությունը, հանդիսատեսին տպավորելու գործոնը, կտրուկ կերպարանափոխվելու հատկությունը հաստատ նրա համար չեն: «Միլիոնը թակարդում» ֆիլմում, օրինակ, Սոֆյայի խաղընկերը Աշոտ Տեր-Մաթեւոսյանն է: Կրկին գործ ունենք ուժեղ դերասանի եւ թույլ խաղընկերուհու «սինդրոմի» հետ:

Ասմունքող Աննա Եգոյան

Երբ էկրան բարձրացավ 21-րդ դարի «Քաոսը», սպասելիքները բավական մեծ էին հատկապես Շուշանիկի կերպարից: Հասկանալի է, որ ֆիլմի հեղինակները ձգտել էին հեռուստադիտողներին հրամցնել «ոչ ծեծված», գրեթե չտեսնված դեմք՝ օժտված բնական գեղեցկությամբ: Զուտ արտաքին մասով դա հաջողվել էր: Բայց Աննան դերասանական ունակություններ բացարձակ չունի, եւ դա ակնհայտ է անգամ ոչ պրոֆեսիոնալ աչքի համար: Ֆիլմում նա չկարողացավ փոխանցել Շուշանիկի էմոցիաները, էությունը, Միքայելի հետ հարաբերությունների նրբությունները: Սոս Ջանիբեկյանը համոզեց Միքայելի կերպարում եւ մի բան էլ ավել: Կարճ ասած՝ այնպիսի տպավորություն էր, թե նա, առհասարակ, չի խաղում, այլ ապրում է, իսկ, ահա, Աննան ոչ մի կերպ ներդաշնակ չէր դերասանի հետ: Նա հեշտությամբ կորավ պրոֆեսիոնալների եւ իրենց գործի գիտակների աստղաբույլում:

Երգչուհի Ռիփփի

Բոլորովին վերջերս Ռիփփիին հեռուստադիտողները տեսան «Ժիրայր Գլենց» ֆիլմում, որն, ի դեպ, աչքի է ընկնում պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Երեւում է, որ ամեն մանրուք հաշվի է առնվել: Բայց Գլենցի սիրելիի դերակատարուհու մասով ընտրությունը ձախողվել է: Սարգիս Գրիգորյանը համոզիչ է խաղում, նրան հեռուստադիտողը տեսավ բոլորովին նոր ռակուրսից, բայց խաղընկերուհու հարցում դերասանի բախտը չբերեց: Ոչ մի դրվագում նրանց սերը հավատ չի ներշնչում: Բառի բուն եւ փոխաբերական իմաստով օդային կյանքով ապրող աղջկան Ռիփփին կերտել չկարողացավ: Այնպիսի տպավորություն է, թե երգչուհին գիտի, թե որքան գեղեցիկ է ինքը, եւ այդ հանգամանքից այնքան է հրճվել, որ մոռացել է դերի մեջ մտնելու մասին: Կարճ ասած՝ կինոյի հերթական ձախողված «աղջիկը»:

Աննա Բաբաջանյան




Լրահոս