Բացի մշտական բնակչության թվաքանակի պակասելուց նվազել է նաեւ ծնվածների թիվը: Եթե այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ծնվածների թիվը կազմել է 16 հազար 111, անցած տարվա նույն ժամանակահատվածում` 16 հազար 261, իսկ 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` 17 հազար 171: Այսինքն` այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր հանրապետությունում ծնվածների թիվը 150-ով պակասել է: Իսկ, ահա, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ` այն պակասել է 1060-ով: Ավելացել է նաեւ մահացածների թիվը. այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մահացածների թիվը աճել է 572-ով:
Մյուս կարեւոր, բայց դրական նորությունը` ամուսնությունների թիվն է ավելացել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2018 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 6802 ամուսնություն, ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը աճել է` հասնելով 7406-ի: Մյուս կողմից` պակասել են ամուսնալուծությունները: Պաշտոնապես, 2018թ. հուլիսի 1-ի դրությամբ ամուսնալուծությունների թիվը կազմել է 1793` 123-ով անցած տարվա նույն ժամանակահատվածից պակաս:
Հայաստանում ամուսնալուծությունների թիվը, ինչպես վիճակագրությունն է փաստում, տարիների կտրվածքով աճի միտում է ցուցաբերել: Հայաստանում դեռեւս առանձին ուսումնասիրություններ չեն անցկացվել` պարզելու, թե որ պատճառներն են առավելապես ընկած ամուսնալուծությունների հիմքում: Բազմաթիվ են այն հայ ընտանիքները, որոնց հասարակական կարծիքը ամուսնալուծությունից այլեւս հետ չի պահում, բայց աշխատանք չունենալը եւ բնակարանային խնդիրները խանգարում են հայ երիտասարդներին ընտանիք կազմել: