Աստվածածնի վերափոխման տոնին, որը հայտնի է նաեւ Խաղողօրհնեքի տոն անունով, Հայաստանի բոլոր եկեղեցիներում ժամը 11:00-ին պատարագ կմատուցվի։
Ավանդության համաձայն՝ Ս. Կույսը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում՝ Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։ Շուրջ 12 տարի Աստվածամայրը պահքով այցելել է իր սիրասուն Որդու գերեզմանն ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը։
Աստվածածնի վերափոխման տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Տոնն ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց։ Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել։ Այդպիսով՝ օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։ Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը՝ որպես լիառատության ապահովման նշան։
Աստվածածնի վերափոխման տոնին ավանդույթ կա ուխտագնացություն կազմակերպել Աստվածածնի անունը կրող Հայաստանի բոլոր եկեղեցիներում: