ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 19-ին ընդունել է «Երեմյան պրոջեքթս» ընկերության պատվիրակությանը՝ տնօրեն Դավիթ Երեմյանի գլխավորությամբ: Հանդիպման առանցքում էր հանրային սննդի և ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացած ընկերության փորձի ներդրումն Արցախի տնտեսությունում: Ընկերության տնօրենը պետական նախարարին է ներկայացրել ԱՀ ՊՆ զորամասերում սննդի կազմակերպման ծրագրին իրենց մասով ստանձնած պարտավորությունները: «ԱՀ ՊՆ զորամասերում սննդի կազմակերպումը մեզ համար բիզնես չէ, այլ պատվաբեր և պատասխանատու նախաձեռնություն: Մեր առաջին քայլը զորամասերում լինելու է խոհանոցային տեխնիկայի և սպասքի ամբողջական վերազինումը ժամանակակից, որակյալ խոհանոցային
տեխնիկայով: Իսկ ճաշացանկն էլ, բնականաբար, հարուստ կլինի՝ պատրաստված թարմ սննդամթերքից»,- ասել է Դավիթ Երեմյանը:
Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որի արդյունքում պաշտպանության բանակում սննդի որակը էականորեն կբարձրանա: Այդ համատեքստում պետական նախարարը ողջունել է «Երեմյան պրոջեքթս» ընկերության մասնակցությունը ՊՆ զորամասերում սննդի կազմակերպման ծրագրին, ինչը ևս 300 նոր ու միջինից բարձր աշխատավարձով
աշխատատեղ կապահովի: «Կարևորում ենք ընկերության տեղական արտադրողների հետ համագործակցելու պատրաստակամությունը, ինչը կխթանի տեղական արտադրանքի պահանջարկի ավելացմանը: Այս գործընթացում հանրային սննդի ոլորտում մեծ փորձառություն ունեցող ընկերության ներգրավումը դրական ազդեցություն կունենա նաև հանրային սննդի ոլորտի մշակութային առանձնահատկությունների կատարելագործման, տարածման հարցում»,- նշել է պետական նախարարը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խոհարարական արվեստը զարգացնելու, արցախյան գործընկերների մասնագիտական հմտությունները կատարելագործելու հնարավորությունները: