ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուզբեկստանի քաղաքացին գողացել էր բուժքրոջ դրամապանակը. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի բուժքույրը հաղորդում էր տվել, որ նույն օրը ինչ-որ մեկն աշխատասենյակի սեղանին դրված իր պայուսակից դրամապանակ է գողացել, որի մեջ եղել է անձնագիր, 140.000 դրամ և 10 եվրո:
Հարուցվեց քրեական գործ:

Ոստիկանները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Օպերատիվ հարցումներից զատ ուսումնասիրվեցին հիվանդանոցում և հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները:

Տեսահսկող սարքերը սպորտային գլխարկով կասկածելի մի տղամարդու էին ֆիքսել, որին ոչ ոք չէր ճանաչում: Եվ եթե նույնիսկ նա էր, ապա միայն արտաքին նկարագիրը պարզելը բացահայտման համար քիչ էր, անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան:

Քրեական հետախույզներին ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրը գողությունը կատարած անձին հայտնաբերել չհաջողվեց: Որոնողական աշխատանքները շարունակվեցին, և դեպքից ամիսներ անց գողությունը բացահայտվեց:

Օգոստոսի 15-ին ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկից Ուզբեկստանի Հանրապետության 39-ամյա մի քաղաքացու բերման ենթարկեցին:
Հետագա միջոցառումներով պարզվել էր, որ նա նշվածից զատ, նույն օրը հիվանդանոցի մեկ այլ աշխատասենյակից էլ էր դրամապանակ հափշտակել: Եվ սա ամենը չէր. մայիսի 6-ին Իջևանի գրադարաներից մեկի աշխատասենյակից էր դրամապանակ գողացել, որի մեջ փող ու բանկային քարտեր էին եղել:

Ապիրլի 30-ին Շենգավիթում շտապօգնության ենթակայանի սենյակներից մեկից էր դրամապանակ հափշտակել:
Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տաշվածքների մոտ երեք տասնյակ բանալիներ, դրամապանակներ, զարդեր:

Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս