Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել.
Հարգելի քաղաքացիներ,
Վերջին շրջանում նկատվում է լազերային լույսերի օգտագործման աճ, որոնք կարող են օգտագործվել տարբեր նպատակներով`սկսած տարատեսակ միջոցառումներից մինչև փորձարկումներ: Թռիչքների անվտանգության համար առավել անհանգստացնող են միջադեպերը, որտեղ լազերային լույսերը օգտագործվում են դիտավորյալ՝ խոչընդոտելով օդանավերի և երբեմն օդային երթևեկության կարգավարական կետերի աշխատանքը:
Լազերային լույսերի կիրառումը առավել մեծ ռիսկեր է պարունակում վերթիռի և վայրէջքի իրականացման ժամանակ, մասնավորապես, ընկնելով օդանավի դիմապակու վրա, անմիջապես սփռվում է օդաչուների խցիկով՝ թույլ չտալով օդաչուներին օգտվել սարքավորումների վահանակից, խոչընդոտելով օդաչուներին կատարել սահմանված գործընթացները։ Լազերային լույսերի կիրառումը օդաչուների մոտ կարող է առաջացնել տեսողական խնդիրներ՝ մինչև անգամ ժամանակավոր կուրություն՝ այդպիսով իսկ ռիսկի տակ դնելով թռիչքի անվտանգ ընթացքը։
Խնդրում ենք մինչև լազերային լույսերի կիրառումը գնահատել վերոհիշյալ հնարավոր ռիսկերը և հնարավորինս խուսափել լազերային լույսերի անհարկի օգտագործումից։