Պատմական նվաճմանը սպասելով. այս ամսաթիվը պետք է դաջվի հայկական ֆուտբոլի պատմության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման 4-րդ փուլի «Արարատ – Արմենիա» – «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) առաջին հանդիպումը: Խաղն ավարտվեց հայկական թիմի 2:1 հաշվով հաղթանակով:

Խաղից հետո Հանրապետական մարզադաշտում եւ դրա սահմաններից դուրս թեժ էր. մի կողմից իսլանդական ծափերն էին, մյուս կողմից բացականչությունները` «Արարատ, հուպ տուր»: Ֆանտաստիկ խաղից անցել է մեկ շաբաթ, եւ արդեն այսօր` օգոստոսի 29-ին, կկայանա այս դիմակայության երկրորդ հանդիպումը. Լյուքսեմբուրգում «Արարատ – Արմենիան» ամեն ինչ կանի «Դյուդելանժին» կապիտուլացիայի ենթարկելու եւ պատմական նվաճման հասնելու համար: Եթե նայենք փաստերին, ապա որակավորման 4-րդ փուլ հասնելն էլ պատմական նվաճում էր, սակայն ոչ բավարար. առջեւում Եվրոպա Լիգայի խմբային փուլն է, այն խմբային փուլը, որը վերջապես կարող է հասանելի դառնալ հայկական ակումբներից մեկի համար:

Այն, ինչը ժամանակին երազանք էր, այսօր կարող է դառնալ իրականություն, սակայն պետք չէ տարվել երազներով եւ մնալ 7-րդ երկնքում` մտածելով, որ արդեն խմբային փուլում ենք: Այո, հաղթել ենք 2:1 հաշվով, սակայն այս հաշիվը չի կարող ապահով համարվել երբեք, եւ կապ չունի, թե ով է մրցակիցդ խաղադաշտում: «Դյուդելանժը», չնայած պարտությանը, պետք է ասել, որ ավելի լավ ֆուտբոլ խաղաց Հանրապետականում, քան «Սաբուրթալոն», որը առավելության էր հասել «Արարատ – Արմենիայի» նկատմամբ առաջին խաղում:

Եթե մի պահ հետհայացք նետենք «Արարատ – Արմենիայի» անցած ճանապարհին եւ կանգնենք Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի ԱԻԿ-ի դեմ հանդիպման վրա, ապա կարող ենք շատ նմանություններ գտնել` հաղթանակ 2:1 հաշվով տանը, վատ երկրորդ խաղակեսի սկիզբ, ճնշում վերջնամասում: Արդեն այդ դիմակայության պատասխան խաղում հայկական ակումբը պարտվեց 3:1 հաշվով եւ ուղեւորվեց Եվրոպա Լիգա: Իրականում հենց այդ խաղը կարող է դառնալ այսօրվա հաղթաթուղթը:

Այդ խաղից հետեւություններ Վարդան Մինասյանը միանշանակ արել է, եւ հուսանք, որ Շվեդիայում տեղի ունեցած հանդիպման սցենարի ճիշտ հակառակը կտեսնենք Լյուքսեմբուրգում: Այս խաղին «Արարատ – Արմենիայից» կկարողանա մասնակցել թիմի ավագ Դմիտրի Գուզը, որը որակազրկված էր եւ չմասնակցեց առաջին խաղին: Թիմը խաղին մոտենում է առանց կորուստների, ուժեղագույն կազմով եւ, որն ամենակարեւորն է, մոտվացիայի մեծ չափաբաժնով: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստել է նաեւ թիմի հոլանդացի ֆեւտբոլիստ Ֆուրջել Նարաինգը. «2:1 հաշիվը վատ հաշիվ չէ, կարծում եմ լավ արդյունք է: Պատասխան խաղում եւս ամեն ինչ կանենք հաղթելու համար: Բոլորս շատ լավ ենք տրամադրված խաղին եւ ամեն ինչ կանենք հաղթելու համար: Մոտիվացիայի պակաս չկա»,- ասել է Նարսինգը:

Հիմա կրկին պետք է անդրադառնանք Հանրապետական մարզադաշտում կայացած առաջին խաղին. այդ եւ «Արարատ – Արմենիայի» մյուս խաղերին իրեն ֆանտաստիկ է դրսեւորում Ալֆոնս Կոջո Կասսեն: Նա ուղղակի թույլ չի տալիս մրցակիցներին շարժվել առաջ եւ մաքուր` առանց կանոնների խախտման խլել գնդակներ: Վստահաբար կարելի է ասել, որ Կոջոն «Արարատ – Արմենիայի» ամենակարեւոր ֆուտբոլիստներից մեկն է, եթե ոչ ամենակարեւորը: Այդ խաղում իրեն լավագույնս չկարողացավ դրսեւորել Անտոն Կոբյալկոն, ում փոխարիանած Լուիս Օգնան էլ խաղի վերջին վայրկյաններին կարողացավ ստեղծել հաղթական գոլը: Լուիս Օգանան` Վարդան Մինասյանի «Ջոկերը», ամեն անգամ ապացուցում է, որ ընդունակ է որոշել խաղի ելքերը եւ, բացի գոլ խփելուց, ստեղծում է նաեւ գոլեր: Վերջին շրջանում չկա այնպիսի հանդիպում, որտեղ Օգանան ինչ-որ բանով աչքի ընկած չլինի: Այս փաստը իհարկե խոսում է հայկական թիմի չնչին առավելության մասին: Հաղթանակը հաղթանակ, բայց նաեւ արտագնա բաց թողած գոլ, որը «Արարատ – Արմենիային» «կստիպի» դառնալ նվազագույնը երկու գոլի հեղինակ բաց թողնելու պայմաններում:

Դիմակայության ֆավորիտը համարվում է հայկական ակումբը, եւ կարելի է համաձայնել այդ մտքի հետ` հաշվի առնելով գոնե միայն այն, որ «Դյուդելանժը» գրեթե ամբողջովին փոխել է կազմը` նախորդ տարվա համեմատ: Չկան մեկնարկային կազմի 6 ֆուտբոլիստներ, չկա նախկին գլխավոր մարզիչը. շատ բան նոր է այս թիմում, եւ նաեւ նոր է տրամադրվածությունը:

«Դյուդելանժը» չի խաղալու այն մոտիվացիայով, որով խաղալու է մեր թիմը, քանի որ նրանք արդեն անցած տարի կարողացել են հայտնվել Եվրոպա Լիգայի խմբային փուլում. այսպիսի բան ուղղակի բացառվում է. կա այսպիսի կարծիք, որը իրականությունից շատ հեռու է: Պրոֆեսիոնալ թիմերը մոտիվացիայի պակաս երբեք չեն ունենում եւ հաշվի առնելով նաեւ այն, որ թիմում կան մի շարք փոփոխություններ` կարելի է ենթադրել` «Դյուդելանժը» հենց այնպես զենքերը վայր չի դնի. «Արարատ – Արմենիան» պետք է պատերազմի խաղադաշտում պատմություն կերտելու համար:

Հուսանք, որ Վարդան Մինասյանի տղաները կկարողանան Եվրոպա Լիգայի խմբային փուլի վիճակահանության զամբյուղի մեջ ավելացնել «Արարատ – Արմենիա» անունը եւ վերջապես իրականություն դարձնել այն հեքիաթը, որին տարիներ շարունակ նույն ոգեւորությամբ սպասում է հայ ազգը: 29.08.2019. այս ամսաթիվը պետք է դաջվի հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս