«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. « ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, անհասկանալի պատճառներով 9 ամիս անց հրաժարվեց Սյունիքի նախկին մարզպետի դեմ ներկայացրած դատական հայցից: Ինչպես հայտնի է, 2018 թվականի հոկտեմբերի 8-ին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` Իգոր Խաչատուրովը, դատի էր տվել Սյունիքի նախկին մարզպետ, իր հարեւան Սուրիկ Խաչատրյանին եւ նրա կնոջը` Լորետա Բարսեղյանին: Հայցվոր Իգոր Խաչատուրովը պահանջում էր պարտավորեցնել պատասխանողին ինքնակամ քանդել կառույցը եւ դրանով զբաղեցված հողատարածքը նախկին վիճակին բերելու աշխատանքներին չխոչընդոտել: Ու թեեւ մեզ հետ զրույցում Խաչատրյանների փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը վստահեցրել էր, որ ոչ մի ապօրինի բան չկա, այնուամենայնիվ Յուրի Խաչատուրովի տղան` Իգոր Խաչատուրովը, հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պնդելով, որ շինության մի մասն իր հողատարածքի վրա է կառուցվել:
Ըստ ամենայնի, հարեւանները ամեն դեպքում որոշել են հանդիպել ու ընդհանուր հայտարարի գալ: Մեզ հայտնի դարձավ, որ Խաչատուրովի պաշտպանները 2019թ. հուլիսի 23-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հրաժարվել են ներկայացրած հայցից եւ խնդրել են կարճել քաղաքացիական գործի վարույթը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը հուլիսի 31-ին որոշում է կայացրել եւ կարճել գործը»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում