Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում oգոստոսի 31-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն՝ նվիրված ԱՀ հռչակման 28-րդ տարեդարձին:
Նախագահը պետական բարձր պարգեւներ է հանձնել Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների, ազատամարտիկների, պետական եւ հասարակական գործիչների, բարերարների, տնտեսության, առողջապահության, կրթության եւ մշակույթի ոլորտների ներկայացուցիչների:
Պաշտպանության կազմակերպման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար լեգենդար հրամանատարներ Լեոնիդ Ազգալդյանին եւ Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր ելույթում երկրի ղեկավարը նշել է, որ արդեն 28 տարի է, ինչ մայր Հայաստանի եւ սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ միասին կառուցում ենք ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն: «Այս տարիների ընթացքում մեր ժողովրդին հաջողվել է ստեղծել մարտունակ բանակ, ժողովրդավարական բոլոր ինստիտուտները, դինամիկ զարգացող տնտեսություն»,- ընդգծել է հանրապետության Նախագահը:
Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ Արցախի ժողովուրդն այսուհետ եւս համատեղ ուժերով կլուծի իր առջեւ ծառացած բոլոր խնդիրները, ինչպիսինն էլ դրանք լինեն: «Վստահ եմ, որովհետեւ գիտեմ, որ ոչ մի բան չի կարող սասանել մեր ժողովրդի ուժն ու հաստատակամությունը, շեղել նրան իր ընտրած ճանապարհից»,- շեշտել է Նախագահը:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: