Հայաստանում հիդրոէլեկտրակայան շահագործելը դարձել է ոչ եկամտաբեր բիզնես: Իսկ կառավարության ընդունած որոշման պատճառով ՀԷԿ շահագործող ընկերությունները հայտնվել են բարդ իրավիճակում:
Տեղեկացնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ եւ ՀՀ կառավարության կողմից ընդունված փոփոխություններով սահմանվել է 64 մլն դրամ փոխհատուցման վճար փոքր հիդրոկայանների նկատմամբ, որոնք ավելի շատ ջուր կօգտագործեն: Այսինքն` ՀԷԿ-ը տարեկան 1 խորանարդ մետր ավելի ջրօգտագործման համար կվճարի 64 մլն դրամ:
Շրջակա միջավայրի նախարարությունը հույս ունի, որ այս քայլով կկարգավորվի գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի շահագործումը: Բայց ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցացիայի գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը վստահ է, որ այս որոշման արդյունքում ՀԷԿ շահագործող ընկերությունները կբռնեն սնանկացման ճանապարհը:
«Հիմա աբսուրդ վիճակ է, շատ տնտեսվարողներ վաճառում են իրենց ՀԷԿ-երը, շատերն ուղղակի ֆինանսական ճգնաժամի մեջ են, որովհետեւ մեզ մոտ ՀԷԿ շահագործող ընկերությունների մեծ մասը գործունեությունը սկսել է բանկերից վարկային միջոցներ ներգրավելով: Իսկ այդ բանկը գերմանական KFW-ն է, բայց եթե ՀԷԿ-ը սնանկանա , ապա մեծ խնդիր կարող է առաջանալ, ինչի հետեւանքով պետության շահերը կարող են վտանգի տակ հայտնվել, միջազգային սկանդալի կվերածվի»,- նկատեց Ռոման Մելիքյանը:
Մասնագետից տեղեկացանք, որ անցած տարվա ընթացքում երկու ՀԷԿ դադարեցրել է իր գործունեությունը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դրանք «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի շահագործած ՀԷԿ-ն է, որը էլէներգիայի արտադրության թույլտվություն ստացել է 2014 թվականին, սակայն այն ուժը կորցրած է ճանաչվել անցած տարի, եւ «Արմ-Աէրո» ՓԲԸ-ն:
«Այս տարի արդեն ՀԷԿ շահագործող չորս ընկերություն ահազանգում է, որ կարող են սնանկացման հայտ ներկայացնել: Հիմա ՀԷԿ շահագործելը ամենեւին էլ ձեռնտու չէ:
Ո՛չ հանրային կարծիք են լսում, ո՛չ շահագրգիռ կողմ են ներգրավում, վերջում էլ սահմանում են ու հաստատում: Այս նախագիծը (խոսքը 64 մլն դրամ փոխհատուցման վնասի մասին է) չի տեղադրվել անգամ e-draft տեղեկատվական կայքէջում, որ մենք հետեւենք, հանրային լսում չի անցկացվել: Շրջակա միջավայրի նախարարությունը, այսպես ասած, գաղտագողի ինքնուրույն վերցրել է ու որոշումը տարել կառավարություն, միանգամից դրել քվեարկության եւ հաստատել էին:
Կամ ինչո՞ւ է սահմանվել 64 մլն դրամ, որտեղից պետք է վճարեն այդ մարդիկ: Կոնկրետ տեռորի են ենթարկում ՓՀԷԿ-երին: Մենք մտահոգությունը բարձրաձանում ենք, ահազանգում ենք, որ այսպես չպետք է վերաբերվեն հանրային ստրատեգիական նշանակության օբյեկտներին: Ի վերջո, ՓՀԷԿ-երն իրենց ամբողջ հզորությամբ էլեկտրաէներգիայի ներքին սպառման մոտ 20 տոկոսը ապահովում են»,- բացատրեց մասնագետը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցի ընթացքում Ռոման Մելիքյանը տեղեկացրեց, որ նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն արձագանք չկա: «Կհիշեք ամռան ամսին, երբ մի պահ չէր աշխատում ատոմակայանը, Երեւան ՋԷԿ-ը, համարյա էներգետիկ դեֆոլտ էր ստեղծվել, եւ կարող էր երկիրն ամբողջությամբ կոլապսի ենթարկվեր: Հենց ի շնորհիվ ՓՀԷԿ-երի` հանրությունը չզգաց այդ խնդիրը: Այդ բացը շատ կարճ ժամանակահատվածում ՓՀԷԿ-երը լրացրեցին: Իսկ այսօր թիրախավորում են այս փոքր ՀԷԿ-երին»:
Սա դեռ ամենը չէ: Պարզվում է, որ այս տարվա ընթացքում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրամաններով կասեցվել են «Վակուֆլօ» ՍՊԸ-ի 2012թ. հոկտեմբերի 12-ի «Արագած-1» եւ 2017թ. մարտի 2-ին «Գեղարոտ» փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման նպատակով «Էլ-Կաս» ՍՊԸ-ին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները:
Նախարարի հրամանի համաձայն` նշված փհէկ-երը ջուրն օգտագործել են թույլտվության պայմանների խախտմամբ: Մասնավորապես, ՀԷԿ-երի ջրահեռացումից հետո տեղի է ունենում ջրային ռեսուրսի որակական փոփոխություն, մինչդեռ ջրօգտագործման թույլտվության պայմաններում ամրագրված է, որ փոքր ՀԷԿ-երի ջրահեռացումից ջրի որակական փոփոխություն տեղի չի ունենում:
Բայց Ռոման Մելիքյանի խոսքով` նախարարի հրամանը հակաօրինական է: Այն միակողմանի է իրականցվել` առանց լսելու տնտեսվարողներին. «Նախարարությունը հաշվի չի նստել այն փաստի հետ, որ ավելի վաղ 5 տարբեր կառույցների կողմից փորձագիտական եզրակացություններ են տրվել այդ մասով: Առանց լսելու տնտեսվարողներին իրենք միակողմանի կասեցրել են ջրօգտագործման թույլտվությունները»:
Սյունէ Համբարձումյան