ORSIS-ՀՀ ՊՆ սկանդալի վերջը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Պուտինի՝ Երեւան ժամանելուց առաջ ռուսական մամուլը հրապարակեց, թե ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ընկերությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանը դատի չի տվել: Իսկ մինչ այդ ռուսական մամուլը հեղեղվեց լուրերով, թե Հայաստանի ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման տենդերը, որին մասնակցում էր «Պրոմտեխնոլոգիան», անհիմն փակվել է, ընկերությունը բողոքարկել է այդ որոշումը, ու հարուցվել է քրեական գործ: Կատարվածի մասին տեղեկացվել էր նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդը:

Հայաստանի քննչական կոմիտեն էլ հաստատեց լուրը` հարուցվել է քրեական գործ «ծառայության նկատմամբ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքի հատկանիշներով», միաժամանակ ռուսական ընկերությունը հույս էր հայտնել, որ Հայաստանի քննչական կոմիտեն անհրաժեշտ քայլեր կձեռնարկի, որպեսզի մեղավորները պատժվեն` անկախ պաշտոնից ու դիրքից: Քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունն, ի դեպ, Հայաստանի պաշտպանության նախարարությունից էլ հաստատեցին` նշելով, որ ամբողջական տեղեկատվությունը կլինի քննության ավարտին:

Armlur.am-ն էլ, հիշեցնենք, գնացել էր այս լուրերի հետքերով ու պարզել, որ այս խճճված գործին խառնված են եղել նաեւ ՀՀ ԶՈւ ուժերի բարձրաստիճան զինվորական-գնդապետներ:

Եվ, ահա, նախագահ Պուտինի` Երեւան այցից առաջ ORSIS զինագործական ապրանքանիշը ներկայացնող «Պրոմտեխնոլոգիա» ընկերության պաշտոնական կայքը տեղեկացնում է` ընկերությունը ՀՀ ՊՆ-ին դատի չի տվել: Ինչպես են կողմերը ընդհանուր հայտարար գտել` դեռ պարզ չէ:

Հայտնի է, սակայն, որ ռուսական ընկերության ներկայացուցիչները պնդում էին , թե Հայաստանի պաշտպանության նախարարությունն անհարկի խոչընդոտներ է ստեղծել իրենց համար` լրացուցիչ փաստաթղթեր պահանջելով: ORSIS-ի ներկայացուցիչը «Ռիա Նովոստի»-ին ասել էր, թե` մենք մի քանի շաբաթվա ընթացքում տրամադրել ենք այն տեղեկատվությունը, որ պաշտոնապես խնդրել են: Եւ այս լաբիրինթոսի մեջ թերեւս ամենաէականը, որ մեր աղբյուրներն են հայտնում, այն է, որ այս ընկերությունը սերտ առնչություն ունի Ռուսաստանի նախկին փոխվարչապետ, Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման երբեմնի համակարգող Դմիտրի Ռոգոզինի հետ:

Հենց նրա որդին է եղել ORSIS-ի` հրացաններ արտադրող գործարանի փոխտնօրենը: Եւ այժմ ռուսական ընկերության կայքէջից տեղեկանում ենք, որ բողոք այլեւս չունեն:

Ի դեպ, ուշագրավ փաստ է նաեւ, որ հայր ու որդի Ռոգոզինների ջուրը մի առվով չի հոսել: Ժամանակին, երբ ռուսական զենքի մատակարարումներով սկսեց զբաղվել հայր Ռոգոզինը, որդին լքեց ընկերությունը:




Լրահոս