Հայաստանի բյուջեի կատարողականի ցուցանիշները աճել են. ՊԵԿ-ը ներկայացնում է արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բյուջեի կատարողականի ցուցանիշներն ընթացիկ տարվա 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ 2018 թվականի 9 ամսվա կատարողականը եղել է 880 մլրդ 700 մլն դրամ: 2019 թվականի 9 ամիսներին այդ ցուցանիշը եղել է 1 տրիլիոն 79 մլրդ կամ առկա է 191.5 մլրդ դրամով, 21.6 տոկոսով գերակատարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Դրական դինամիկա կա ԱԱՀ-ի և եկամտային հարկի վերադարձելիության ուղղությամբ: Այս ցուցանիշը նախորդ տարվա 9 ամսին եղել է 72.5 մլրդ դրամ, այս տարվա նույն ժամանակահատվածում 86.7 միլիարդ դրամ:

«Այսինքն՝ այստեղ ունեք բիզնեսին կամ հարկ վճարողներին հարկերի վերադարձման ծավալների դրական դինամիկա»,-ասաց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահն անդրադարձավ առաջին կիսամյակի կատարողականի ցուցանիշները ամփոփելիս ներկայացված 63 մլրդ դրամի գերակատարման ցուցանիշի շուրջ ծավալվող քննարկումներին:

«Ինչպես գիտեք, մենք ասել էինք, որ տարեկան գերակատարման ցուցանիշը, որը պլանավորվել է 62 մլրդ դրամ, ըստ էության, կիսամյակով ենք ապահովել, բայց դա չի նշանակում, որ նույն տեմպերը պահպանվելու են: Եթե հիշում եք, որ երկրորդ եռամսյակի ցուցանիշները շատ ավելի համեստ են կանխատեսվել, քան երրորդ եռամսյակում: Ասել էին, որ երրորդ եռամսյակում կարող է լինել 20-25 մլրդ դրամի նվազեցում ընդհանուր գերակատարման ցուցանիշում, սակայն 4-րդ եռամսյակում այսպես ասած «թերակատարման» ցուցանիշը կհաղթահարվի: Ի՞նչ ունենք հիմա: Այն 62 մլրդը ինչպես պլանավորվել էր, հստակ կա և որպես ծախս պետական բյուջեով իրականացվում է: Եվ եթե մենք կանխատեսում էինք, որ երրորդ եռամսյակի թերակատարումը կլինի 20-25 մլրդ, ապա տեսնում ենք, որ մոտավոր 10 մլրդ է եղել: Այսինքն՝ տեմպերը շատ ավելի լավն են, քան կարելի էր պատկերացնել կիսամյակային արդյունքներն ամփոփելիս»,-ասաց Դավիթ Անանյանը:

Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա 9 ամսվա հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 61 մլրդ 500 մլն: «Եթե այն փաստացի հարկային եկամուտների կատարողականի հետ համադրում ենք, ապա տեսնում ենք, որ ունենք գերակատարում 17.7 մլրդ դրամով»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:




Լրահոս