ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 14-17-ը տարածաշրջան կատարած իրենց այցելությունից հետո հայտարարություն են տարածել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հոկտեմբերի 15-ին համանախագահները Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ հոկտեմբերի 17-ին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ:
«Այցի ընթացքում համանախագահները հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի նախագահի հետ: Լեռնային Ղարաբաղում գտնվելու ընթացքում համանախագահները մարդասիրական հարցերի շուրջ զրույց են ունեցել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ»: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հաստատել են մինչև տարեվերջ համանախագահների հովանու ներքո հանդիպելու պատրաստակամությունը:- նշված է հայտարարությունում:
Երկու երկրների ղեկավարները համանախագահներին ներկայացրել են Աշգաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում իրենց վերջին երկխոսության մանրամասները և իրենց տեսլականը, թե ինչպես է հնարավոր առաջ մղել կարգավորման գործընթացը:
Համանախագահները ողջունել են հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն և լարվածությունը թուլացնելուն ուղղված մարդասիրական և անվտանգության յուրահատուկ միջոցառումների ձեռնարկման հեռանկարները: