«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երկու օր է, ինչ հանրությունը ցնծությամբ քննարկում է իռլանդական «Ryanair» լոուքոսթերի ավիաընկերության` Հայաստան մուտք գործելու մասին լուրը: Առաջարկն առաջին հայացքից գայթակղիչ է թվում, բայց իրականում պետք է իմանալ, որ բյուջետային ավիաընկերության ծառայությունները որակով ցածր են դասական ավիաընկերություններից: Օդանավում ըմպելիքները, սնունդը, ուղեբեռը վճարովի են: Ընկերոջդ կողքին նստելու համար էլ է անհրաժեշտ լրացուցիչ վճարել: Բացի այդ, երեկ հրապարակվեց, որ ամեն ուղեւորի համար պետությունը պետք է 76 դոլար վճարի, որը տարեկան մոտ 5 մլն դոլար է կազմելու: Արդյոք այդպե՞ս է: Ողջ օրվա ընթացքում Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը ոչինչ չպարզաբանեց, մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան, իսկ նրա աշխատակիցները անտեղյակ էին մանրամասներից, հորդորում էին դիմել ղեկավարին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից էլ ոչինչ չպարզաբանեցին:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Արտյոմ Մովսեսյանի հետ, ով հայտնեց, որ իր պաշտոնավարման ժամանակ «Ռայնէյր» (Ryanair) եւ «Վիզէյլր» (Wizz Air) լոուքոսթ ավիաընկերություններին հայկական շուկա մտնելու առաջարկ է արել: «Եթե Ryanair-ը Հայաստան է գալիս, պետք է միանշանակ ուրախանալ, բայց եթե հաստատվի, որ կառավարությունը չի սուբսիդավորում, այսինքն` հավասար մրցակցային պայմաններով է թռնելու: Եթե սուբսիդավորում արվում է, ուրեմն պետք էր տարբեր սխեմաներ մտածել, այսինքն` նույն ձեւով կարելի էր մի հայկական ավիափոխադրողի սուբսիդավորել, ունենալ հայկական փոխադրող»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։