ԵԱՏՄ երկրների շրջանում Հայաստանը գործազրկությամբ «առաջատար» է․ նոր նախաձեռնություն է հիմնվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը մտադիր է առաջիկայում հիմնել «Աշխատի՛ր, Հայաստան» նախաձեռնություն: Ասել է թե` վարչապետի աշխատակազմը կմշակի աշխատաշուկայի նոր քաղաքականություն:

Պարզվում է` անցած տարվա դրությամբ Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմել են բնակչության 68 տոկոսը, որից տնտեսապես ակտիվ է բնակչության 57 տոկոսը: Տնտեսապես ակտիվ բնակչության մեջ գործազուրկ է 20.4 տոկոսը: Նշենք, որ Հայաստանի այս ցուցանիշն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների շրջանում: Ընդ որում, գործազուրկների մեջ 15-34 տարեկան երիտասարդների մասնաբաժինը 45 տոկոս է: Աշխատանքային ռեսուրսների 43 տոկոսը տնտեսապես ոչ ակտիվ բնակչությունն է:

Նշենք, որ այս խմբում մեծ թիվ են կազմում կանայք, որոնք երեխայի խնամքով զբաղվելու պատճառով չեն կարողանում աշխատել, ինչպես նաեւ անձինք, ովքեր հուսահատվել են եւ չեն հավատում, թե աշխատանք կգտնեն, ուստի չեն փնտրում: Ըստ վարչապետի աշխատակազմի` ստեղծված պատկերի պատճառն այն է, որ զբաղվածության ոլորտը վերջին տարիների ընթացքում պատշաճ ուշադրության չի արժանացել: Ավելին, զբաղվածության պետական ծրագրերը կա՛մ գրավիչ չեն, կա՛մ դրանց մասին իրազեկվածության մակարդակը ցածր է: Բացի այդ, այդ ծրագրերը թիրախավորում են հիմնականում սոցիալապես խոցելի խմբերին: Եւ վարչապետի աշխատակազմը հույս ունի, որ «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի իրականացմամբ մարդկային կապիտալը կզարգանա: Դե ինչ, սպասենք այդ զարգացումներին:

 




Լրահոս