ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ` ԱՅԼ ԱՆՎԱՆ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության մեջ է դրվել «Ազգային փոքրամասնությունների մասին» եւ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքների նախագծերը: Հետաքրքիր է, որ այն շրջանառության մեջ է դրվել հուլիսի 15-ին, եւ հանրային քննարկման համար սահմանված ժամկետն ավարտվում է այսօր, եւ արդեն իսկ առկա են 57 դեմ, 43 կողմ ձայներ:

Նախ նկատենք, որ այս երկու նախագծերը ներկայացված են միասին, որոնք պետք է լրացնեն միմյանց, եւ հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծերի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։
Այն ներկայացվում է որպես ազգային փոքրամասնությունների խտրականությունը արգելող եւ դատապարտող նախագիծ: Միեւնույն ժամանակ ընդդիմախոսները նկատում են, որ «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը միտում ունի նաեւ պաշտպանել սեռական փոքրամասնությունների շահերը, եթե նրանք այս կամ այն հարցի պարագայում կարող են խտրականության ենթարկվել: Այլ կերպ ասած, փորձ է արվում ազգային փոքրամասնություններին պաշտպանող օրենքի տակ «սղղացնել» այլ կարգավորումներ եւս եւ մեծ քննադատության արժանացած «Խտրականության մասին» օրենքի դրույթներն անցկացնել այս օրենքի հոդվածներով:
Մասնավորապես, «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի նախագիծը սահմանում է. «Խտրականությունը գործողություն է, անգործություն կամ կարգավորում, որն արտահայտվել է անձի իրավունքների եւ ազատությունների տարբերակմամբ, բացառմամբ, սահմանափակմամբ կամ նախապատվությամբ՝ առանց օբյեկտիվ հիմքերի եւ հետապնդվող իրավաչափ նպատակի ու ընտրված միջոցների միջեւ ողջամիտ համաչափության՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնության պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝ իրական կամ ենթադրյալ»։
Եվ արդյոք այս օրենքը իրավական դաշտում որոշակի արտոնություններ կտա՞ նաեւ սեռական փոքրամասնության խմբերին, այսինքն` ԼԳԲՏ համայնքներին: Օրինակ, կարող է մի իրավիճակ ստեղծվել, երբ աշխատանքի չեն ընդունում համասեռամոլի, եւ վերջինս այս օրենքի հիման վրա կարող է դատի տալ նրան՝ բողոքարկել որոշումը: Իսկ օրենքի ընդունումից հետո այլ իրավիճակ է լինելու. կարող են ասել` խտրականություն են ցույց տվել եւ աշխատանքի չեն ընդունել: Սա, իհարկե, հոդվածի խորքային մեկնաբանություն է, սակայն, բնականաբար, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները կարող են օգտվել օրենքի կարգավորումներից: Նախագծում հստակ մատնանշված է, որ այս օրենքը նպատակ ունի ապահովել յուրաքանչյուր անձի եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ առանց խտրականության:
«Ժողովուրդ» օրաթերթը նախագծից տեղեկանում է, որ դրա ապահովման համար պետք է այդ օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, ձեւավորել Իրավահավասարության խորհուրդը եւ հրավիրել դրա առաջին նիստը: Ընդ որում, դա պետք է անի մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ Իրավահավասարության խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանին առընթեր խորհրդակցական մարմին է, որի նպատակն է աջակցել մարդու իրավունքների պաշտպանին անձանց իրավահավասարության եւ խտրականության բոլոր դրսեւորումներից պաշտպանության ապահովման հարցում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ խորհուրդը պետք է կազմված լինի 7 անդամներից, որոնք մարդու իրավունքների պաշտպանի կողմից նշանակվում են 3 տարի ժամկետով, մեկ անգամ վերանշանակման իրավունքով եւ գործում են հասարակական հիմունքներով: Իսկ մարդու իրավունքների պաշտպանն էլ խորհրդի անդամներին ընտրում է իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանցից եւ գիտնականներից եւ ամիսն առնվազն մեկ անգամ պետք է նիստ հրավիրի:
Ամրագրելով խտրականության համընդհանուր արգելքը՝ «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը սահմանում է խտրականության հասկացությունը եւ տեսակները, ինչպիսիք են ուղղակի խտրականությունը, անուղղակի խտրականությունը, խտրականության հրահրումը, հետապնդումը եւ սեգրեգացիան: Անկյունաքարային նշանակություն ունի Նախագծով խտրականության վերաբերյալ բողոքների քննության համար ապացուցման բեռի բաշխումը:
Եվ նախագծի վերջում հեղինակները ընդգծել են, որ երկու նախագծերն էլ օրգանական կապի մեջ են միմյանց հետ, եւ այդ պատճառով էլ նպատակահարմար է դրանք ներկայացնել մեկ փաթեթով: Հավելենք, որ նախագծի շուրջ իրենց տեսակետն են արտահայտել «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության անդամները եւ նշել, որ հաշվի չեն առնվել մինչ այժմ արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը իրենց մոտ դժգոհություն է առաջացրել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիրքորոշումն ունենալ այս նախագծի վերաբերյալ եւ հասկանալ` արդյոք այս օրենքի նախագիծը կարող է դատապարտել խտրականությունը նաեւ սեռական փոքրամասնությունների հանդեպ, եւ ինչ կտա օրենքի ընդունումը: Խոստացան հարցին անդրադառնալ վաղը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԿՈՒՐՍԱՆՏՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կասեցրել է Ռուսաստանի Դաշնություն գործուղված կուրսանտի ուսումնառության գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Աղասի Բեյբությանը, ՀՀ պաշտպանության նախարարի 2015թ. օգոստոսի 4-ի թիվ 891 հրամանով, ուսումնառության նպատակով որպես կուրսանտ գործուղվել է ՌԴ նյութատեխնիկական ապահովման ռազմական ակադեմիայի Վոլսկի մասնաճյուղ, սակայն, ըստ էության, այնտեղ ցուցաբերել է անբավարար առաջադիմություն եւ ցածր կարգապահություն: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2019թ. ապրիլի 10-ի թիվ 362 հրամանով` 2019թ. ապրիլի 15-ից ազատել է Բեյբությանին նշված ակադեմիայում ուսումնառությունից: Այս իրավիճակից հետո Բեյբությանը պարտավոր է եղել, որպես ժամկետային զինծառայող, ժամանակին` 2019թ. ապրիլի 22-ին` ժամը 10:00-ին, ներկայանալ ծառայության վայր` ՀՀ ՊՆ կադրերի եւ ռազմական կրթության վարչություն, որից հետո` ՀՀ ՊՆ 10724 զորամաս, սակայն առանց հարգելի պատճառների չի ներկայացել ծառայության վայր եւ միայն 2019թ. մայիսի 2-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Այս արարքի համար կուրսանտը հայտնվել է մեղադրյալի աթոռին: Աղասի Բեյբությանին մեղադրանք է առաջադրվել ժամանակին ծառայության չներկայանալու համար:

 

 

 

 

ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: Բանն այն է` այս ընթացքում ակտիվ քննարկվում է այն մասին, որ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն օգոստոսի սկզբին հնարավոր է ազատվի զբաղեցրած պաշտոնից (հիշեցնենք` այս հարցում մեծ դերակատարություն ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը դիմել է նաեւ վարչապետին): Բայց դեռ Խուրշուդյանին պաշտոնանկ չարած` տեսչական մարմնի ներսում քննարկվում է նրան փոխարինող գտնելու հարցը: Ըստ այդ լուրերի` տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանն այս ընթացքում ձեռքերը ծալած չի նստել եւ ամեն ջանք գործադրում է, որպեսզի խորհրդի անդամները, նաեւ նախագահը` Արսեն Թորոսյանը, իր թեկնածությունն առաջադրի այդ պաշտոնի համար:
Տեղեկացնենք, որ Խուրշուդյանն այժմ գտնվում է արձակուրդում եւ աշխատանքի վերադառնալու է այսօր: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Էմին Ավետիսյանի հետ եւ հետաքրքրվեց` արդյոք պայքարում է ղեկավար պաշտոնի համար, թե ոչ: Հարցին ի պատասխան` Ավետիսյանն արձագանքեց. «Տեսչական մարմնի ղեկավարն այս պահին արձակուրդում է գտնվում, վերադառնալու է հուլիսի 31-ին, նրան այժմ փոխարինում եմ ես: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս պահին ունենք մարմնի ղեկավար, իսկ առաջադրումներն իրականացնում են խորհրդի անդամները: Ես որեւիցե քայլ այս պահի դրությամբ չեմ իրականացնում եւ չեմ էլ պատրաստվում»: Մեր այն հարցին` եթե առաջարկ ստանա, ապա ինչպես կվարվի, պաշտոնյան չմանրամասնեց` նշելով, որ չի կարող մեկնաբանել:

 

 

 

 

ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է
Հայաստանը շահագրգռված է հետագա կայունության եւ լարվածության թուլացման մեջ, ինչպես նաեւ կարող է իր ավանդը բերել տարածաշրջանային կայունության մեջ. այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա հիշեցրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համագործակցության շատ լավ օրինակը, որոնք միասին աշխատում են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ: Նրա խոսքով` երկրները, որոնք պարտադիր չէ, որ համաձայնեն միջազգային օրակարգի շատ հարցերում, տվյալ կոնկրետ դեպքում ցուցադրում են համագործակցության համակարգված եւ համաձայնեցված ձեւ, որն անչափ լավ է գործում իրենց առջեւ դրված կոնկրետ նպատակի համար եւ, հատկապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Հայաստանն անկեղծորեն ցուցադրել է բարդ խնդիրները լուծելու իր ունակությունը: Հնարավոր է հարաբերություններ կառուցել հիմնական գործընկերների հետ, ինչպես նախկինում պնդել մի գործընկերոջ հետ ոչ մյուսի հաշվին հարաբերություններ կառուցելու ունակությունը»,- հավելել է նա:

 

 

 

 

ԱԶԱՏՎԵԼ-ՆՇԱՆԱԿՎԵԼ Է
ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել. Հրաչ Խոստեղյանն ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից եւ նշանակվել է ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ:

 

 

 

 

ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺ
Հուլիսի 27-ին Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում «Սատանի կամուրջ»-ից ձորն ընկած 16-ամյա քաղաքացու մոտ դրական տեղաշարժ կա, վիճակը բարելավվում է: Վերջինս «Սուրբ Աստվածամայր» բկ էր տեղափոխվել սանավիացիայի ուղղաթիռով. վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք, կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ փրկարարները նրան դուրս էին բերել ձորից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տղան նախ հոսպիտալացվել էր Գորիսի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել Երեւան` «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց:

 

 

 

ՊԱՐՏԱԴԻՐ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում: Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձանարարականներ, սահմանվել է դրանց կատարման ժամկետ: Հիշեցնենք, որ 2019թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:




Լրահոս