Հայաստանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները երկրում տեղի ունեցած իշխանազավթման հետևանքն է: Այս իշխանությունը չսահմանափակվեց Նիկոլ Փաշինյանին վարչապետ կարգելով, չսահմանափակվեց Ազգային ժողովի նկատմամբ հակասահմանադրական ճնշումների միջոցով արտահերթ ընտրություններ կազմակերպելու գործողություններով, ընդ հուպ մինչև Սահմանադրական դատարան: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Սահմանադրական դատարանը և անձամբ Հրայր Թովմասյանը մնացել են Նիկոլ Փաշինյանի կոկորդին: Նա կուլ տվեց իշխանության մնացած երկու ճյուղերը, ու դեռ մարսել է, բայց երրորդ ճյուղը, ի դեմս Սահմանադրական դատարանի, մնացել է կոկորդին: Ես ամիսներ առաջ եմ զգուշացրել, որ նա չի մարսելու ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի դեմ սկսված արշավը: Պետք չէր ամբողջ ծովը խմել, որպեսզի հասկանալ , որ այն աղի է»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի նպատակն է Հայաստանում ունենալ տոտալ իշխանություն:
«Նիկոլ Փաշինյանը թողած ներքին և արտաքին իրական խնդիրները, բազմաթիվ մարտահրավերները, որն իր օրոք միայն ավելի շատացել ու վտանգավոր են դարձել, նա զբաղված է Ռոբերտ Քոչարյանի գործին ածանցվող բոլոր մնացած ինստիտուտներով»,-եզրափակեց ՀՀԿ փոխնախագահը:
Ինչպես արդեն հայտնի է, երեկ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնատար կեղծիք կատարելու համար։
Նշենք, նաև նույն քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ է ներգրավվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)։
Լիդա Եղիազարյան