Սահմանամերձ Բարեկամավանի բնակիչները փայտի խնդրով խիստ դժգոհ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարեկամավանը Տավուշի մարզի ամենահեռավոր, սահմանամերձ գյուղերից է: Այնտեղից խորհրդային տարիներին եւ հատկապես Հայաստանի անկախանալուց հետո մեծ արտագաղթ է եղել:

Բարեկամավանը կտրված է մեծ աշխարհից, գյուղ մտնող հասարակական տրանսպորտ չկա: Գյուղի հողերը գտնվում են ադրբեջանական գնդակոծության տակ կամ ականապատ են,անասունների արոտավայրեր չկան, գյուղացիները դժվարությամբ են հայթայթում օրվա հացը:

Հոկտեմբերի 22-ին Բարեկամավանի կենտրոնում գյուղի բնակիչները հավաքվել են, դժգոհել, որ հեռավոր, փաստացի պատերազմական վիճակում գտնվող գյուղի բնակիչների ձմռան վառելափայտի խնդիրը չի լուծվում: Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ 2015թվականին Բարեկամավանը գազաֆիկացվել է, սակայն գյուղում բնական գազի բաժանորդներ չկան:

Գյուղացիները գազատարից իրենց առանձնատներ տանող միացումների համար անհրաժեշտ գումարը չունեն, մեկ մետր գազատար խողովակի գինը 4700 դրամ է, գումարած գազատար խողովակների զոդման աշխատանքների եւ այլնի գինը: Շատ տներ գազատարից մեծ հեռավորությամբ են գտնվում, դրանք գազատարին միացնելու գինը մեծ գումար է կազմում, որն ի վիճակի չեն հոգալու սոցիալապես անապահով, փաստացի պատերազմական իրավիճակում ապրող բարեկամավանցիները:

Ջ. Միքայելյանի խոսքերով` եթե գյուղի տները գազաֆիկացված լինեին, ամռանը գյուղացիները բնական գազ կօգտագործեին, ինչի արդյունքում կնվազեր տարվա ընթացքում բարեկամավանցիների օգտագործած վառելափայտի քանակը: Բարեկամավանին, ինչպես անտառամերձ, սահմանամերձ մյուս գյուղերին, տրվել է յուրաքանչյուր ընտանիքի համար մինչեւ 8 խորանարդ մետր փայտի թափուկ ինքնապատրաստմամբ ձեռք բերելու իրավունք: Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ Բարեկամավանի փաստացի բնակչությունը պարբերաբար քիչ չափով փոփոխվում է, գյուղում մոտ 75 ընտանիք մշտապես բնակվում է:

Բարեկամավանին տրվել է ընդամենը 200 խորանարդ մետր թափուկ պատրաստելու թույլտվություն, ինչն անբավարար է: Ջ. Միքայելյանը հայտնեց, որ գյուղի մոտակա անտառներում թափուկ չկա, այն գտնվում է Բարեկամավանից մոտ 50 կմ հեռավորությամբ,նման մեծ հեռավորությամբ թափուկ պատրաստելու եւ տեղափոխելու ծախսը բարեկամավանցիները ի վիճակի չեն հոգալ:

Բարեկամավանին` որպես սահմանամերձ, հեռավոր գյուղի, բացառության կարգով տրվել է խորանարդ մետր վառելափայտը 1200 դրամով ինքնապատրաստմամբ ձեռք բերելու թույլտվություն: Սակայն այդ նպատակով «Հայանտառը» Բարեկամավանին տրամադրել է ընդամենը 100 խորանարդ մետր վառելափայտ ձեռք բերելու իրավունք: Ջ. Միքայելյանը հայտնեց, որ գյուղի կարիքների համար առնվազն 1000 խորանարդ մետր վառելափայտ է հարկավոր:

Բարեկամավանը մաս է կազմում խոշորացված Նոյեմբերյան համայնքի: Հոկտեմբերի 22-ին Բարեկամավան է ժամանել եւ վառելափայտի խնդրի վերաբերյալ գյուղացիների դժգոհությունը լսել Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը: Ջ. Միքայելյանն ասաց, որ ինքը մշտապես հեռախոսակապի մեջ է Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Գիգոլ Խասիկյանի հետ, ով պատրաստակամ է բարեկամավանցիներին այդ հարցով օգնել, սակայն հարկ է վերադասի` «Հայանտառի» համապատասխան որոշումը։ Բարեկամավանի վարչական ղեկավարն ասաց, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խնդրին տեղյակ է, նա իրեն հավաստիացրել է, որ բարեկամավանցիների վառելափայտի հարցը դրական կլուծվի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս