Տավուշում 200 տոննա սերմացու է ներկրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզում Ռուսաստանից ցորենի էլիտար սերմացուի ներկրմամբ զբաղվում է Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր գյուղի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը։ Նա իրենց գյուղում արդեն 30 հեկտար աշնանացան ցորեն է ցանել,առաջիկայում եւս 15 հեկտար կցանի: Կ. Չոբանյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ գյուղում անմշակ հողեր կան, որոնք պետք է մշակել: Նրա խոսքերով` բեռնափոխադրող տարբեր կազմակերպություների միջոցով ինքը Ռուսաստանից Տավուշ է տեղափոխել 200 տոննա ցորենի էլիտար սերմացու, որը վաճառվում է կիլոգրամը 200 դրամով:

«Ժողովուրդ» օրաթերթը Կ. Չոբանյանին հայտնեց, որ ՌԴ Ստավրոպոլի երկամասի Տուրանովսկի շրջանում խոզերի աֆրիկյան ժանտախտի հետեւանքով խոզերի զանգվածային անկում է եղել, այնտեղ կարանտին է հայտարարված, այդտեղից Հայաստան հացահատիկ ներկրելու դեպքում մեր հանրապետություն կարող է ներթափանցել խոզերի աֆրիկյան ժանտախտի վարակի հարուցիչ:

Կ. Չոբանյանը հայտնեց, որ ինքը ցորենը ներկրում է Ստավրոպոլի երկրամասի Կուչուբեւսկայայի շրջանի Կուչուբեւսկայա ավանում գործող սերմնաբուծարանից, որը օրինական ձեռնարկություն է, տրամադրում է սերմացուի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր,որակի սերտիֆիկատ: Չոբանյանն ասաց,որ Ադրբեջանում գործում է հացահատիկի սերմնաբուծարան, նմանատիպ մի ձեռնարկություն Վրաստանում է գործում, ինքը մտադիր է Տավուշի մարզում ստեղծել հացահատիկի սերմնաբուծական ձեռնարկություն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս