Թեեւ Հայաստանը ծով չունի, բայց կարող է առաջիկայում նավարկել ԵԱՏՄ երկրների ջրային ուղիներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը երեկ իր հավանությունը տվեց «Նավագնացության մասին» համաձայնագրի վավերացման նախագծին: Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է այս տարվա փետրվարի 1-ին Ալմաթի քաղաքում: Այսկերպ գործադիրն իր համաձայնությունն է տվել օգտվել ծովային փոխադրումներ ունենալու հնարավորությունից:
Ի դեպ, ծով չունեցող երկրներին նավեր ունենալու իրավունք է ընձեռում Ծովային իրավունքի մասին ՄԱԿ–ի կոնվենցիան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կոնվենցիային միացել են ծովային ելք չունեցող 44 երկիր, այդ թվում նաեւ Հայաստանը: Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի դրոշով նավերը կկարողանան անցնել ԵԱՏՄ անդամ երկրների ջրային տարածք ու լողալ այդ պետությունների ներքին ջրային ուղիներում:
Ներկայումս մի պետության նավերը մյուսի ջրային տարածք մտնում են թույլտվության դեպքում, իսկ համաձայնագրով նախատեսվում է անցում կատարել ծանուցման համակարգի. ջրային սահմանը հատելու համար պետությանը կծանուցվի:
Բացի այս, անդամ պետության ներքին ջրային ուղիներ մուտք գործելիս նավերը պարտավոր են անցնել անդամ պետություն, որի տարածքում գտնվում են տվյալ ջրային ուղիները: Ի դեպ, տեղեկացնենք, որ ներքին ջրային ուղիներով նավարկման ընթացքում չի թույլատրվում անդամ պետությունների օրենսդրությամբ իրենց տարածքներում ներմուծման եւ տեղաշարժման համար արգելված բեռների փոխադրումը, ներքին ջրային ուղիներով նավերի շարժի հետ կապ չունեցող, ձկնորսական, հիդրոգրաֆիկ, հետազոտական եւ այլ գործունեության իրականացում:
Սյունէ Համբարձումյան