«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հոկտեմբերի 28-ին խորհրդարան է գնալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելու ՀՀ 2020 թվականին Հայաստանի բյուջեի նախագիծը: Ըստ իշխանության ներկայացուցիչների` այս նախագիծը աննախադեպ ու բացառիկ է, իսկ ըստ ընդդիմության ներկայացուցիչների` այս բյուջեն իրենից արտառոց բան չի ներկայացնում: Ըստ մեր տեղեկությունների` ԱԺ ընդդիմադիրների պատգամավորները պատրաստվում են երկուշաբթի օրը մեկնարկող ԱԺ հանձնաժողովների նիստում քննադատել իշխանությունների կողմից ներկայացվող նախագիծը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Հայաստանի բյուջեի նախագծով նախատեսվում է ավելի քան 1 տրիլիոն 880 միլիարդ դրամ կամ շուրջ 4 միլիարդ դոլարի ծախս: Եկամուտները մոտ 200 միլիարդ դրամով պակաս կլինեն։ Թե՛ ծախսերը, թե՛ եկամուտը, անցած տարվա համեմատությամբ, ավելացել են 13-14 տոկոսով: Ըստ նախագծի` ավելի քան 40%-ով կավելացվեն երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած ընտանիքներին բնակարանով ապահովելու համար հատկացվող գումարներն ու կկրկնապատկվի ճանապարհաշինության ֆինանսավորումը:
Նշենք, որ հայրենի կառավարության նիստում հաստատվել եւ հրապարակվել է բյուջեի նախագծում տնտեսական աճի կանխատեսումները: 2019-ի համար կառավարությունը համախառն ներքին արդյունքի 6,3 տոկոսանոց աճ է նախատեսում, իսկ 2020 թվականին՝ 4,9 տոկոս: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցում հայտարարում էին, որ սա կանխատեսելի ու իրագործելի է, բայց նշում էին, որ բյուջեի ծրագիրը շատ ծավալուն է, ու իրենք պետք է այս օրերին լավ ուսումնասիրեն, որպեսզի պատրաստ լինեն ընդդիմության հակադարձումներին:
Ըստ ԱԺ ընդդիմադիրների` 2020 թվականի բյուջեն կանախատեսելի էր, իսկինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա մշտապես նման հայտարարություններ լինում են տարբեր իշխանությունների կողմից, սակայն վերջում այլ արդյունք է գրանցվում:
Երեկ ԱԺ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն բյուջեի նախագծի վերաբերյալ, հայտարարեցին, որ նախագիծը ծավալուն է, ուիրենք կուսումնասիրեն մանրամասն ու արդեն քննարկումների ժամանակ կներկայացնեն իրենց դիրքորոշումը: Ակնհայտ է, որ երկուշաբթի մեկնարկող ԱԺ հանձնաժողովներում քննարկվող բյուջեի նախագծի հետ կապված բուռն քննարկում է սպասվում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ