«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողներին ներկայացնել հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Վերջիններս մեզ հետ զրույցի ընթացքում բացահայտվում են բոլորովին նոր դիտանկյունից, մեզ արդեն ծանոթ անձինք «գաղտազերծում են» իրենց էությանը բնորոշ գծերը, կյանքի` քչերին հայտնի դրվագները: Այս անգամ մեր զրուցակիցը «Միսս հայուհի 2018», «Women΄s Club» հումորային նախագծի թիմի անդամ Արենա Զեյնալյանն է:
Նա անդրադարձել է իր կյանքում բեմի դերին, տեղեկացրել, որ բեմից դուրս էլ հետաքրքիր զբաղմունք ունի` ոսկերիչ-դիզայներ է եւ պատրաստվում է շուտով հանրության դատին ներկայացնել թանկարժեք զարդերի իր հավաքածուն` «Արենա Զեյնալյան» բրենդը:
Նա խոսել է նաեւ իր կյանքի մեծագույն կորստի մասին, նշել, թե ինչից է ամենաշատը վախենում: Արենան խոստովանել է, որ դժվար է ապրել ընտանիքից հեռու, բայց չի դժգոհում հայաստանյան կյանքից: Նա պատմել է այն մասին, թե ինչպիսի տղամարդիկ են իրեն դուր գալիս, եւ իր որ հատկությունն են առաջինը նկատում հակառակ սեռի ներկայացուցիչները:
-Արենա՛, ո՞րն է օրը սկսելու Ձեր պարտադիր նախապայմանը:
-Մեկ գավաթ սուրճը:
-Փորձառո՞ւ, խելացի՞, թե՞ իմաստուն. այս երեք հատկանիշներից ո՞րն է Ձեզ առավել բնորոշ:
-Իմաստուն:
-Բեմում լինելու համար լավագույն տարիքը:
-Չկա հատուկ տարիք: Ամեն մարդու մոտ տարբեր ժամանակ է բացահայտվում իր տաղանդը, բեմի հանդեպ ձգտումը:
-Բեմի դերը Ձեր կյանքում:
-Բեմն իմ կյանքը դարձրել է հետաքրքիր:
-Եթե ստիպված լինեք թողնել բեմը, ինչո՞վ կզբաղվեք:
-Արդեն զբաղվում եմ ոսկերչությամբ: Շուտով կթողարկվի իմ անունով բրենդ, հանրությանը կներկայացնեմ իմ հեղինակած թանկարժեք զարդերը, որոնց դիզայնով ես եմ զբաղվել:
-Մարդկանց ճանաչելու Ձեր մեթոդը:
-Զգում եմ` կարծես ինչ-որ էներգիա է գալիս դեպի ինձ: Ես միայն մարդկանց քայլերի տրամաբանությանը չէ, որ հետեւում եմ, այլեւ նրանցից եկող էներգիային: Վեցերորդ զգայարանս շատ ուժեղ է:
-Ձեր քայլերը, երբ դիմացինը չափից շատ է խոսում:
-Լռում եմ եւ շեղում եմ թեման:
-Ի՞նչ եք անում, երբ ընկնում եք մի միջավայր, որը Ձերը չէ:
-Փորձում եմ թեթեւ տանել, որպեսզի շուտ դուրս գամ այդ միջավայրից: Չեմ բարդույթավորվում:
-Հատկություն, որը տղամարդիկ Ձեր մեջ շատ են գնահատում:
-Կարծում եմ` ինքնավստահությունը, ասում են, որ հոգեպես ուժեղ աղջիկ եմ:
-Ձեր կյանքի ամենամեծ հարվածը:
-Հորս մահը: Այդ ժամանակ ես 24 տարեկան էի:
-Իրավիճակ, որի հետ դժվար է համակերպվել:
-Ընտանիքիցս հեռու լինելը: Հիմա ընտանիքս Թեհրանում է, ես Երեւանում միայնակ եմ: Չեմ դժգոհում, բայց այդպես է:
-Դավադրություն, որ կատարել են Ձեր հանդեպ:
-Ճիշտն ասած, միշտ մտածել եմ, որ թիկունքից հարվածողներ չունեմ, բայց հետո արդյունքում ասել եմ. «Վայ, այս ի՞նչ եղավ…»: Հատկապես Հայաստանում, երբ հաղթեցի գեղեցկության մրցույթում, թիկունքից հարվածներ եղել են, անգամ այն մարդկանցից, որոնք ինձ չեն ճանաչում:
-Կյանքի այս փուլում ի հայտ եկած վախ:
-Վախկոտ մարդ չեմ, բայց երեւի վստահության կորստից եմ վախենում:
-Ձեր թուլությունը:
-Շոկոլադ. քաղցրի հանդեպ սերն իրոք ինձ տանջում է:
-Տանել չեք կարողանում, երբ մարդիկ…
-Անտարբեր են լինում:
-Ինչպիսի՞ տղամարդիկ են Ձեզ ձգում:
-Շնորհքով, ներքին կուլտուրայով տղամարդիկ, որոնք գիտեն` ինչպես պետք է շփվեն կանանց հետ: Կարեւորը պահելաձեւը, այն, թե ինչ բառեր են ընտրում կանանց հետ շփումներում:
-Եվ վերջում` հանուն ինչի՞ արժե ապրել:
-Կարող էի ասել` հանուն սիրո, բայց ես նախընտրում եմ դա չասել. շատ է իմաստազրկվել սեր բառը: Ամբողջ օրը սիրուց են խոսում մարդիկ, որոնք երբեք չեն սիրել: Միգուցե ասեմ` արժե ապրել հանուն հույսի, հավատի ու սիրո:
Աննա Բաբաջանյան