Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ռումինիայի իշխանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ռումինիայի Նորին Մեծություն իշխան Ռադուին, որը Հայաստանում է նախագահի հրավերով:

Նախագահ Սարգսյանը ողջունել է իշխան Ռադուի այցը մեր երկիր՝ նշելով, որ այն նպաստում է երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների խորացմանը։

Ռումինիայի իշխանն ասել է, որ տպավորված է հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությամբ և անցած ճանապարհով։ Ընդգծելով, որ երկու ժողովուրդներն իրենց մշակույթով, ավանդույթներով ու արժեհամակարգով շատ ընդհանրություններ ունեն ՝ նա նշել է, որ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում անել ավելին՝ երկու բարեկամ ժողովուրդների միջև ավելի սերտ հարաբերությունների հաստատման համար։

Զրուցակիցներն այս համատեքստում հատկապես կարևորել են Ռումինիայի հայ համայնքի դերը, որը համարվում է Եվրոպայում հնագույն հայկական համայնքներից մեկը և շարունակում է կամուրջ հանդիսանալ երկու ժողովուրդների միջև։

Նորին Մեծություն իշխան Ռադուն Ռումինիայի վերջին թագավոր Միհայի դստեր՝ արքայադուստր Մարգարետայի ամուսինն է։ Մարգարետան կրում է Ռումինական թագի պահապանի տիտղոսը: Ռումինիայի թագավորական տունը չունի սահմանադրական իրավունքներ, սակայն ունի բարոյական հեղինակություն՝ որպես ազգային ավանդույթների և արժեքների պահապան: Իշխանը մի շարք բարեգործական կազմակերպությունների անդամ է:




Լրահոս