Վարչապետի մամուլի խոսնակը ձեռնպահ է մնում. մասնավորի գործերին չեն խառնվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում հրավիրվել էր քննարկում` «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր եւ մտորումներ» խորագրով: Քննարկման հիմնական բանախոսներն էին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, քաղաքական գործիչ Արկադի Վարդանյանը, քաղաքական գործիչ Անահիտ Բախշյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ եւ նախկին վարչապետ Արամ Զ. Սարգսյանը:

Զավեշտալին այն էր, որ, ըստ տարածված հաղորդագրության, արգելվել էր news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, «5-րդ ալիք» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունների մուտքը:

Մինչեւ քննարկման մեկնարկը հայտնի դարձավ, որ Անահիտ Բախշյանն ու Արամ Սարգսյանը հրաժարվել են մասնակցել քննարկմանը: Բանն այն է, որ Հայստանում երբեք չէր եղել այդպիսի դեպք , երբ հստակ նշվեր այն լրատվամիջոցների անունները, որոնք նախընտրելի չեն տվյալ միջոցառումը լուսաբանելու համար: Անգամ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եթե եղել են արգելքներ լրագրողների համար ինչ-որ թեմա լուսաբանելու առումով, ապա դա արվել է աննկատ` կա՛մ պարզապես հրավեր չի ուղարկվել, կա՛մ տարբեր պատճառաբանություններ են նշվել որեւէ միջոցառման լրատվամիջոցներին չհրավիրելու համար:

Այսինքն` երբ հետհեղափոխական Հայաստանում թմբկահարում են, թե լրատվամիջոցները ազատ են ու թափանցիկ, դա իրականության հետ որեւէ աղերս չունի: Նշենք, որ այս կազմակերպության հիմնադիրը նախկին ընդդիմադիր, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն է, ով մշտապես լրատվամիջոցների հետ շփվել է շատ բաց ու որեւէ արգելք չի դրել լուսաբանելու հետ կապված: Ու երեկ հենց Ս. Սաֆարյանն է արգելել վերը նշված լրատվամիջոցներին լուսաբանել իրենց քննարկումը:

Երեկ ամբողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Ստյոպա Սաֆարյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին ու հաղորդագրություններին չէր արձագանքում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել, թե իրենք ինչ դիրքորոշում ունեն լրատվամիջոցներին քննարկումների լուսաբանումն արգելելու հետ կապված: «Եթե Ստյոպա Սաֆարյանը մի բան է որոշել, ես ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել, դա ինչո՞ւ պետք է մեկնաբանեմ:

Եթե պետական մակարդակով լիներ, իսկ պետական մակարդակով դա հնարավոր չի, որ լինի, իսկ մասնավոր նախաձեռնությունները, մասնավոր զգացմունքները ես չեմ մեկնաբանում: Եթե մենք անեինք, ես սիրով կպատասխանեի, բայց քանի որ այն մեզ չի վերաբերում, մասնավոր նախաձեռնություն է, ես ձեռնպահ կմնամ մեկնաբանելուց»,-հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակը:

Նյութը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս