Ահազանգերը տեղ հասան. որոշ պոլիկլինիկաներ գրիպի պատվաստանյութ ստացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի մի շարք պոլիկլինիկաներ այսօր առավոտյան ստացել են գրիպի պատվաստանյութ: Իսկ մի քանի պոլիկլինիկաներում հույս ունեն, որ առաջիկա օրերին իրենք էլ կունենան գրիպի պատվաստանյութ: Օրինակ՝ թիվ 16 պոլիկլինիկայից ArmLur.am-ին փոխանցեցին, որ այսօր առավոտյան ստացել են պահանջված պատվաստանյութը եւ կարող են արդեն պատվաստումներ իրականացնել:

Իսկ ահա 17 պոլիկլինիկայում դեռ չեն ստացել, բայց սպասում են:

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի պատվաստանյութեր չեն ստացել, մինչդեռ նախատեսված էր այն ստանալ սեպտեմբերին կամ հոկտեմբերի վերջին:

Տեւական ժամանակ է` «Ժողովուրդ» օրաթերթը երիտասարդ մայրերից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ իրենց տեղամասային բժշկուհիները դեռեւս օգոստոսին զգուշացրել են սեպտեմբերին իրենց բալիկներին տանել եւ գրիպի դեմ պատվաստել: Բայց երբ եկել է սեպտեմբերը, նրանք մայրերին փոխանցել են, որ չեն կարող պատվաստել, քանի որ պատվաստանյութ չունեն: Մեր հրապարկման հետքերով Առողջապահության նախարարությունը պարզաբանում էր տարածել` նշելով, որ պատվաստանյութն արդեն երկրում է: Ներկայումս կազմակերպվում է մաքսազերծումը եւ առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը:

Ի դեպ, օրեր առաջ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ գրիպի սեզոնը սկսվում է տարվա 40-րդ շաբաթից եւ շարունակվում մինչեւ հաջորդ տարվա 20-րդ շաբաթը, ինչը համընկնում է հոկտեմբերից մայիս ամիսների հետ: Արձանագրենք, որ մեր հրապարակումից հետո նախարարությունը սկսել է գրիպի պատվաստանյութերի բաշխման գործընթացը:

Ըստ մասնագետների` գրիպի դեմ պատվաստումը նույնիսկ գրիպով վարակվելու դեպքում մեղմացնում է հիվանդության ընթացքը: Գրիպի դեմ պատվաստումը նաեւ պաշտպանում է պատվաստվողի շրջապատի մարդկանց, այդ թվում` նրանց, ովքեր ավելի խոցելի են, ինչպիսիք են, օրինակ, նորածինները եւ երեխաները, մեծահասակները եւ այլն: Օրինակ` թերապեւտ Կարինե Հովհաննիսյանը ՙԺողովուրդ՚ օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ կարեւոր նշանակություն ունի պատվաստանյութի որակը, տեսակը եւ պիտանելիության ժամկետը. ՙԲայց եթե հիմա պատվաստվեք, ապա ձմռան ամիսներին այն Ձեզ կպահի: Չնայած նշանակություն ունի օրգանիզմի առանձնահատկությունը, պատվաստանյութի տեսակն ու որակը՚:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս