«Արայիկիցս ամիսը մեկ անգամ նամակ ենք ստանում». ռազմագերու մայրը` որդու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա օգոստոսի 12-ին ադրբեջանական սահմանը հատած հայազգի ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի հանձնման հարցը շարունակում է մնալ օդում կախված: Դեպքից արդեն 3 ամիս է անցել, և մինչ օրս զինծառայողի մասին հստակ որևէ նորություն չկա:

Համենայն դեպս, պաշտոնական վերջին հայտարարությունը 19-ամյա զինծառայողի գերեվարման մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից արվեց: Նախարարը կարճ էր խոսել. «Ադրբեջանական սահմանն անցած զինվոր Արայիկ Ղազարյանի հարցը շարունակում է մեր մտահոգության առարկան լինել»:

Ինչպես հայտնի է՝ Բաքուն հայտարարել էր, թե պատրաստ է փոխանակել Ադրբեջանում կալանավորված երկու հայ գերիներին՝ Կարեն Ղազարյանին ու Արայիկ Ղազարյանին Արցախում գտնվող Դիլհամ Ասկերովի եվ Շահբազ Գուլիեւի հետ: Իսկ հայկական կողմն ավելի վաղ մի քանի անգամ մերժել էր Բաքվի՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» փոխանակելու այդ առաջարկը:

Մինչ կողմերը ընդհանուր հայտարարի կգան, մինչ հարցը կլուծվի պետական մակարդակով, ռազմագերու ընտանիքը շարունակում է տանել բաժին հասած լուծը: ArmLur.am-ի հետ զրույցում Արայիկ Ղազարյանի մայրը՝ Կարինե Ղազարյանը, հայտնեց, որ որդու մասին տեղեկություններ Կարմիր խաչի միջոցով են ստանում, որեւէ այլ գերատեսչություն, մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարույթունը որևէ լուր չի հայտնում, կապ չի հաստատում:

«Արայիկիցս ամիսը մեկ անգամ նամակ ենք ստանում, կարճ գրում է լավ է, ամեն ինչ իր հետ նորմալ է, դուք ասեք՝ ոնց եք, ինչ եք անում»,-ասաց Արայիկ Ղազարյանի մայրը:

Ըստ մեր զրուցակցի՝ «Կարմիր խաչի » միջոցով պարբերաբար տեղեկություններ են ստանում իրենց որդու մասին:

«Ասում են լավ է, բռնության հետքեր մարմնի վրա չկան, Արայիկից նամակ բերեցին, մեր գրածն էլ տարան»,-ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքից է։ Ունի մեկ եղբայր, ով պայմանագրային զինծառայող է, ընտանիքը զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս