Համաներմամբ ազատ արձակվածներից 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից համաներմամբ ազատ արձակված 660 դատապարտյալներից և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հաշվառված 2833 շահառուներից 2019 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ 99-ը կատարել են 210 նոր հանցագործություն: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազությունից նշեցին, որ ՀՀ ոստիկանությանը հանձնարարվել է ուժեղացված հսկողություն իրականացնել համաներմամբ պատժի հետագա կրումից ազատված, ինչպես նաև նախաքննության և դատաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցված այն անձանց հետագա վարքագծի նկատմամբ, որոնք մեղադրվել են դիտավորությամբ կատարված հանրորեն առավել վտանգավոր արարքների համար եւ որոնց ազատության մեջ գտնվելու ընթացքում դրսեւորած վարքագիծը նախկինում աչքի է ընկել քրեածին բարձր ռիսկայնությամբ:

«Այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքներով կազմվել եւ ոստիկանություն է ուղարկվել արդեն իսկ պատժի կրումից ազատված, վերը նշված ռիսկերը պարունակող անձանց ցանկ՝ նրանց մշտական օպերատիվ տեսադաշտում պահելու, այդ անձանց մոտ հանցանք կատարելու նախահակվածությունը նվազագույնի հասցնելուն ուղղված համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

2018 թվականի նոյեմբերի 1-ին Ազգային ժողովը միաձայն ընդունել էր «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:




Լրահոս