Դեկտեմբերի 4-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Երեւանի քաղաքապետարանից փաստաթղթեր էր պահանջել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ դիմումի քննության շրջանակներում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Դավիթ Խաժակյանը Երեւանի ավագանու նիստին, ընդդեմ քաղաքապետ Հայկ Մարությանի, հանցագործության մասին հաղորդում էր տվել: Նա հայտարարել էր, թե Մարությանի հետ միասին արձակուրդում է գտնվել նաեւ փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, եւ քաղաքապետի գործառույթները իրականացրել է տեղակալ Հայկ Սարգսյանը, որն, ըստ Խաժակյանի, չի ունեցել դրա իրավունքը եւ կայացրել է շուրջ 70 ակտ:
«Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաեւ նշված հանգամանքը»,- հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` բացի փաստաթղթերից, ՀՀ գլխավոր դատախազությունը օրերս հավելյալ այլ տվյալներ է պահանջել քաղաքային իշխանություններից: