Ինչպես հայտնի է, երեկ ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Ոստիկանության ղեկավար կազմը ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
ArmLur.am-ը ավելի վաղ տեղեկացրել է, որ զենքով հյուրանոց ներխուժած անձը Արթուր Հովիկի Թորոսյանն է՝ ծնված 1987 թվականին, Արարատի մարզի բնակիչ է:
Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ պարզվում է, որ Արթուրը Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.
«Հուսով եմ, որ մինչև Հայաստանի անկախության 28-րդ տարելիցի օրը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կլինի ազատության մեջ»:
Նրա ընկերների ցանկում է նաեւ Քոչարյանի աջակիցներից տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը։ Ինքն էլ հետեւում է Արմեն Աշոտյանի, Արթուր Դանիելյանի, Նաիրա Զոհրաբյանի էջերին, հավանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի էջերը։