Երեկ հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Վերջինս, սակայն, չի մանրամասնել իրական պատճառը, թե ինչու է նման որոշում կայացրել: Նա միայն նշել էր. «Դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները որպես վարչական շրջանի ղեկավար՝ իմ գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնելով մեկ այլ ազգօգուտ գործում»:
Իսկ ահա մամուլում շրջանառված լուրերի համաձայն՝ Աջափնյակի թաղապետը հրաժարական է տվել ապօրինի շինարարության վերաբերյալ կազմված ակտը «կորցնելու» համար:
ArmLur.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է Գևորգ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, ի՞նչն էր պատճառը, որ ազատման դիմում ներկայացրիք: Համենայն դեպս, մամուլում հրապարակված լուրերի համաձայն՝ Դուք հրաժարական եք տվել ապօրինի շինարարության վերաբերյալ կազմված ակտը «կորցնելու» համար:
-Քաղաքապետարանը դիմում-բողոք է ներկայացրել Աջափնյակի թաղապետարանի նախկին աշխատակիցներից մեկի՝ Սերոբ Սարգսյանի կողմից, և իր արձանագրություն կազմելուց հետո ես տվել եմ շինթույլտվություն: Ես այդ ամեն ինչի մասին արդեն բացատրագիր գրել եմ:
Սեպտեմբերի 24-ին քաղաքացին մեզ մոտ դիմում է գրել շինթույլտվություն ստանալու համար, որը 2-3 օրվա ընթացքում հաստատվում է կամ մերժվում: Ամսի 27-ին ստորագրել եմ՝ թույլ տալով իրականացնել շինթույլտվություն, որը բոլոր նորմերին համապատասխանում է: Տեսուչը՝ Սերոբ Սարգսյանը, բողոք է ներկայացրել քաղաքապետարան, իսկ նա աշխատանքից հեռացվել է հոկտեմբերի 1-ին կրճատումների հետևանքով:
– Ինչո՞ւ է Սերոբ Սարգսյանը Ձեր դեմ Երևանի քաղաքապետարան դիմում-բողոք ներկայացրել: Ի՞նչ է եղել իրականում:
-Չգիտեմ, երևի նեղացած է:
-Ինչի՞ց է նեղացած:
-Այս պահին չեմ կարող ասել, իր ներկայացմամբ՝ սեպտեմբերի 26-ին նա արձանագրություն է կազմել, իսկ ես 27-ին տվել եմ շինթույլտվություն, բայց այդ արձանագրության մասին ես իմացել եմ դեկտեմբերն, որը կազմված էր թերի, քանի որ ես շինթույլտվություն տվել եմ 27-ին, դատարկ հողի համար:
-Պարո՛ն Բաբայան, այս պահին ոստիկանությունում քաղաքապետարանից ստացված փաստաթղթերի հիման վրա նյութեր են նախապատրաստվում: Ձեր մասնակցությամբ քննչական գործողություն կատարվե՞լ է:
-Տեղյակ եմ, որ քաղաքապետարանը փաստաթղթերն ուղարկել է ոստիկանություն, բայց ծանոթ չեմ նյութերի նախապատրաստական աշխատանքներին, թե ինչ փուլում է գտվում, գործ հարուցվելու է, թե ոչ: Ես ոստիկանությունից ծանուցում չեմ ստացել:
-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա գործողությունները: Աշխատանքի նոր առաջարկներ կա՞ն:
-Տարի 4 ամիս արձակուրդի մեջ չեմ գտնվել, կփորձեմ գոնե մեկ ամիս հանգստանալ, դրանից հետո հասականալ: Առաջարկներ կան, բայց առաջիկա մեկ ամսվա ընթացքում աշխատանքի մասին չեմ մտածելու:
Նշենք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը, ով նախկինում զբաղեցրել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը