Մինչ իշխանությունները Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր նախագահ են փնտրում՝ խիստ պահանջներ սահմանելով թեկնածուների համար, կառույցը փաստացի ղեկավարում է ՔՊ-ի հին անդամ Գևորգ Բաբայանը, որի պաշտոնավարման տարիներին հայտարարագրված ունեցվածքն ու ֆինանսական պատկերը կտրուկ փոխվել են։
ArmLur.am-ը նկատել է, որ արդեն տևական ժամանակ է՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է։ Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանը, որը միաժամանակ շարունակում է զբաղեցնել նաև իր հիմնական պաշտոնը։
Այս ֆոնին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ կոմիտեի նոր նախագահ ընտրելու համար։ Թեկնածուներից պահանջվում է ավարտած լինել աշխարհի լավագույն 200 համալսարաններից մեկը՝ ըստ QS World University Rankings, Times Higher Education կամ Academic Ranking of World Universities միջազգային վարկանիշների, ինչպես նաև ունենալ ղեկավար աշխատանքի փորձ։
Սակայն ուշագրավ է, որ մինչ պետությունը նման բարձր չափանիշներով ղեկավար է փնտրում, կառույցը ղեկավարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հին անդամներից մեկը։ Գևորգ Բաբայանը ՔՊ-ին անդամակցել է դեռևս 2016 թվականին։ Մինչ իշխանափոխությունը նա աշխատել է «Լիմուշ» տպագրատանը՝ որպես դիզայներ և օպերատոր, իսկ 2018 թվականի հեղափոխությունից հետո նրա կարիերան կտրուկ առաջընթաց է ապրել. նշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար, իսկ 2022 թվականից զբաղեցնում է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։
Առավել հետաքրքիր է պաշտոնյայի հայտարարագրերի փոփոխությունը։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2022 թվականին, երբ Բաբայանը նոր էր նշանակվել կոմիտեի նախագահի տեղակալ, նա չէր հայտարարագրել ո՛չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, ո՛չ բանկային հաշիվներում նշանակալի միջոցներ, ո՛չ էլ արժեթղթեր։ Միակ հայտարարագրված ունեցվածքը եղել է 6 միլիոն դրամ կանխիկ գումարը։
Սակայն արդեն 2025 թվականի տարեկան հայտարարագիրը բոլորովին այլ պատկեր է ներկայացնում։ Բաբայանը հայտարարագրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող բնակարանի 1/2 բաժնային սեփականությունը, որը ձեռք էր բերել 2024 թվականին։ Բացի այդ, 2025 թվականի հոկտեմբերի 10-ին նա շուրջ 11,2 միլիոն դրամով գնել է 2025 թվականի արտադրության BYD մակնիշի ավտոմեքենա՝ տարվա ավարտին հայտարարագրելով արդեն երկու մեքենա՝ նախկին FORD-ի հետ միասին։
Նրա բանկային միջոցները տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել են՝ հասնելով 1 մլն 368 հազար դրամի, կանխիկ գումարը կազմել է 7 միլիոն դրամ։ Տարվա ընթացքում ստացած ընդհանուր եկամուտը կազմել է 12 մլն 563 հազար դրամ, որից 10 մլն 434 հազարը՝ աշխատավարձ, իսկ 2 մլն 128 հազարը՝ եկամտային հարկի վերադարձ։
Միևնույն ժամանակ պաշտոնյան հայտարարագրել է նաև 33 մլն 700 հազար դրամի վարկային պարտավորություններ, որոնց զգալի մասը բնակարանի հիպոթեքային վարկի մնացորդն է։
Ստացվում է հետաքրքիր իրավիճակ. պետությունը դեռևս չի կարողանում գտնել Պետական գույքի կառավարման կոմիտեի մշտական նախագահ, սակայն կառույցը ղեկավարող պաշտոնակատարի գույքային պատկերը վերջին երեք տարիներին էական փոփոխությունների է ենթարկվել՝ պաշտոնավարման ընթացքում համալրվելով բնակարանով, երկրորդ ավտոմեքենայով, աճած դրամական միջոցներով և բազմամիլիոնանոց հիպոթեքային պարտավորություններով։
Սոնա Գրիգորյան




























