Կայացան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մի շարք հանդիպումներ: Առաջին խաղում «Բորուսիա Դորտմունդը» սեփական երկրպագուների աչքի առաջ, սեփական երկրպագուների «թեւթեւ ձեռքի» շնորհիվ, կարողացավ 2:1 հաշվով պարտության մատնել առաջնության հաղթողի հավակնորդներից մեկին՝ ՊՍԺ-ին:
Այս խաղում դորտմունդցիների կազմում կրկին փայլուն խաղով աչքի ընկավ թիմի նորվեգացի երիտասարդ նորեկ Էրլինգ Հոլանդը: 19-ամյա պատանին փարիզցիների դարպասը կարողացավ ուղարկել 2 գնդակ՝ Չեմպիոնների լիգայում իր խփած գոլերի քանակը հասցնելով 10-ի:
Հիմա ցանկանում ենք կենտրոնանալ ավստրիական «Զալսբուրգից» ժամանած հրաշամանուկի խաղի վրա եւ ինչ-որ տեղ փորձել հասկանալ վերջինիս հաջողության գաղտնիքը:
Էրլինգ Հոլանդը աշխարհին իր մասին սկսեց պատմել՝ «Զալսբուրգի» կազմում անմարդկային շատ գոլեր հեղինակելով: Նորվեգացին՝ նույնիսկ ավստրիական թիմից հեռանալուց հետո խփած 16 գոլով, այժմ ավստրիական Բունդեսլիգայի լավագույն 2-րդ ռմբարկուն է:
Մինչ դորտմունդյան «մեղուների» կազմը համալրելը շատ էին խոսակցությունները, որ Հոլանդը կմեկնի Անգլիա՝ Մանչեստեր՝ իր հայրենակցի մոտ: «Յունայթեդը» ինչ-ինչ պաճառներով չկարողացավ գնել նորվեգացու տրանսֆերը, Սուլշերը ուզած-չուզած ձեռք բերեց Օդիոն Իգալոյին, իսկ Էրլինգը գնաց Դորտմունդ ու սկսեց առաջ տանել Լուսյեն Ֆավրի դեղին նավը իր անթիվ ու անհամար գոլերով: Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը բորուսիացիների կազմում արդեն հասցրել է դառնալ 8 գոլի հեղինակ՝ դեբյուտային խաղում դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Հրաշամանուկը երբ ամիսներ առաջ փայլում էր «Զալսբուրգի» կազմում, շատերը նրա բարձր արդյունավետությանը այդքան էլ լուրջ չէին վերաբերվում, բայց հիմա նրան լուրջ չվերաբերվել ուղղակի անհնար է, քանի որ Հոլանդը մեկը մյուսի հետեւից ռմբակոծում է գերմանական ակումբները, ապա նաեւ եվրոպական գրանդները:
Երիտասարդ աստղին կարող ենք համեմատել Դորտմունդի «Բորուսիայի» նախկին եւ Մյունխենի «Բավարիայի» ներկայիս լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հետ: Նորվեգացին իր բարձր արդյունավետությամբ, գոլային հոտառությամբ ու պահերի իրականացմամբ շատ նման է Լեւանդովսկուն: Ֆուտբոլիստն ընդամենը 19 տարեկան է, բայց արդեն կարողացել է նվաճել ֆուտբոլային երկրպագուների սրտերն ու կարողացել դառնալ «Բորուսիայի» մրցակիցների ահն ու սարսափը: Եթե այսպիսի արդյունավետությամբ էլ ավարտի մրցաշրջանը Հոլանդը, ապա տարեվերջին կարող է գերազանցել 80 գոլի սահմանագիծը: Պատկերացնո՞ւմ եք, այդպիսի արդյունք կարող է գրանցել 19 տարեկան մի պատանի, ով դեռեւս հանդես չի եկել գերհզոր մի ակումբում: Այո, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հոլանդը կարող էր համալրել շատ ավելի ուժեղ ակումբի կազմ, բայց վերջինիս գործակալը՝ Մինո Ռայոլան, գտավ իր համար ամենաշահավետ գործարքը եւ իրականացրեց այն. ժամանակը ցույց տվեց, որ այդ գործարքը շահավետ էր նաեւ Հոլանդի համար: Կարծում ենք, ո՛չ, վստահ ենք, որ Ռայոլան արդեն ամառային տրանսֆերային պատուհանի բացման օրերն է հաշվում, որ ձեւակերպի Հոլանդի տեղափոխությունը ուրիշ ակումբ՝ անպատկերացնելի թվերի դիմաց: Արդեն պետք է հստակ ասել՝ Հոլանդի համար «Բորուսիան» ամենահարմարն է այս տարիքում, Հոլանդն էլ իր հերթին ամենահարմարն է դորտմունդցիների համար: Համաշխարհային ֆուտբոլի ծագող կամ արդեն կայացած աստղերից մեկը ուղղակի շշմեցնում է այս մրցաշրջանում. Էրլինգը Չեմպիոնների՝ լիգայում հեղինակած 10-ը գոլերով, այդ մրցաշարի լավագույն ռմբարկուն է: Հոլանդի չափ գոլ եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի այս խաղարկությունում խփել է միայն ու միայն վերը նշված լեհը՝ Ռոբերտ Լեւանդովսկին:
Առջեւում «Բորուսիան» Բունդեսլիգայի շրջանակներում անցկացնելու է 3 հանդիպում, որից հետո կհյուրընկալվի ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղի շրջանակներում: Այո, բորուսիացիները հաղթել են առաջին խաղում, բայց տանը բաց են թողել այդքան ոչ ցանկալի արտագնա գոլը: Դիմակայության ֆավորիտը շարունակում է մնալ փարիզյան ակումբը, Հոլանդն ու ընկերները ամեն ինչ կանեն անակնկալ մատուցելու համար: Որքան էլ որ ցավալի է, փաստը մնում է փաստ. այդ հանդիպումից հետո կա՛մ չենք տեսնի Հոլանդի փայլատակումները մյուս փուլերում, կա՛մ էլ փարիզցիների աստղաբույլի՝ չեմպիոնությանը գնացող ձգտումները:
Հոլանդն արդեն բացահայտել է իրեն, եւ հիմա իսկական պահն է, որ նորվեգացին կարողանա մնալ ոտքի վրա, պահի այս տեմպն ու շարունակի շշմեցնել իր յուրատեսակ տաղանդով ու գոլային աներեւակայելի հոտառությամբ: Նախորդ մրցաշրջանի ֆանտաստիկ ելույթներից հետո թվաց՝ Ֆավրը սպառել է իրեն, իսկ դորտմունդյան թիմը կորցրել խաղը. ձմռանը եկավ Էրիլնդ Բրյոուտ Հոլանդն ու դորտմունդյան «մեղուներին» տվեց նոր թեւեր՝ ցույց տալով հաղթանակի հասնելու ճանապարհը:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԿԲԱՐՁՐԱՆԱ
Հանրապետության տարածքում փետրվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երեւանում փետրվարի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: