10 ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի 12-րդ տարելիցն է: Իհարկե, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1»-ի գործի քննությունը վերսկսվել է, եւ առաջին անգամ ունենք իշխանություն, որն ունի քաղաքական կամք՝ բացահայտելու 12 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը: Այժմ՝ գործի վերաբացումից 1.5 տարի հետո, այն ժամանակ իշխանությունում գտնվող մարդիկ՝ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար: Այսինքն՝ մեղադրյալի աթոռին են այնպիսի մարդիկ, որոնց երբեք չէինք կարող պատկերացնել այդ կարգավիճակում: Սակայն գլխավոր հարցերը այդպես էլ մնում են անպատասխան. ովքե՞ր են սպանել 10-ը խաղաղ ցուցարարներին: Եվ պետք է արձանագրել, որ այս գործի արդար քննությունը հրամայական է իշխանությունների համար, եւ դա պետք է այնպես անել, որ որեւէ մեկը չփորձի կասկածի տակ դնել իրավապահների գործողությունները կամ փորձի քաղաքական երանգներ տալ դրանց: Սակայն այս ամենի փոխարեն ականատես ենք լինում իրավապահ համակարգի սայթաքումներին: Օրինակ՝ 2019 թվականի հունիսին այս գործի շրջանակներում սպանության մեղադրանքով կալանավորվել էր ոստիկանության ներքին զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը, որը, սակայն, երկու ամիս անց ազատ արձակվեց։ Եվ ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գեղամ Պետրոսյանի քրեական գործն առաջիկայում կարող է կարճվել: Այսինքն՝ մեղադրանք առաջադրեցին, սակայն չկարողացան ապացուցել: Բացի այդ, 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հանդես եկավ մի աղմկահարույց հայտարարությամբ՝ ասելով, թե Ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանը 2008-ի դեպքերի ժամանակ սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Մինչ օրս, սակայն, այս հայտարարությունն էլ ոչ մի կերպ չի հիմնավորվել: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայություն՝ հասկանալու համար՝ որեւէ տեղաշարժ առկա է Տիգրան Աբգարյանի կամ մյուս սպանությունների մասով, սակայն ՀՔԾ-ից որեւէ մեկնաբանություն չտվեցին: Եվ ստացվում է՝ 12 տարի անց ունենք փաստ, որ ոչ մի սպանության դեպք բացահայտված չէ: Ի վերջո, 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի բացահայտումը չի ենթադրում միայն սահմանադրական կարգի տապալման հոդվածով մեղադրանքներ առաջադրելով բավարարվել, ինչն էլ այս ընթացքում փորձում են հրամցնել հանրությանը: Մարտի 1-ի գործը պետք է բացահայտվի ամբողջովին:

 

 

 

Արդեն մի քանի օր է՝ Արցախում սկսվել է մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների քարոզչությունը: Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը եւս առաջադրվել է Արցախի նախագահի ընտրություններում ու, կարելի է ասել, ակտիվ քարոզչություն է իրականացնում այս օրերին: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արայիկ Հարությունյանը նշեց, թե ընդհանուր գոհ է իր հանդիպումներից, եւ ընդգծեց, որ Արցախում լարվածություն չկա, այդ թվում՝ նախագահի 14 թեկնածուների միջեւ: «Լարվածություն չկա, հավատացե՛ք: Շատ հանգիստ, շատ համերաշխ վիճակ է, նորմալ քարոզչություն է ընթանում, նախընտրական վիճակ է, ամեն մի թեկնածու իր քարոզչությունն է իրականացնում: Դա ավելի շատ մամուլում է գրվում, տարածվում, քան կա իրականում», – նկատեց Հարությունյանը: Ընդ որում, Հարությունյանը ընդգծեց, թե անգամ չընտրվելու պարագայում պատրաստ է լինելու ծառայել երկրին: Սակայն այս պահի դրությամբ, ամեն դեպքում, Հարությունյանը վստահ է իր ուժերին: «Համոզված եմ, որ ժողովրդի վստահության քվեն մերն է լինելու, բայց եթե չէ, ապա պատրաստ եմ լինելու ծառայելու առողջ, կառուցողական ընդդիմության կարգավիճակում: Որոշողը ժողովուրդն է լինելու, բայց ես այս պահին իսկապես ժողովրդի մեծ աջակցությունը տեսնում եմ», -հավելեց Հարությունյանը:

 

 

 

Տեւական ժամանակ է, ինչ բարձրաձայնվում է Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը, սակայն դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Խունդկարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում սխալ համարեց նման որոշումը: «Ես, բնականաբար, դա ճիշտ համարել չեմ կարող, որովհետեւ մենք ունեցանք մեր զարգացումը, մենք ունեցանք դատաիրավական բարեփոխումներ՝ 3 փուլ անցած, եւ հիմա գտնվում ենք 4-րդ փուլում: Ես չեմ կարծում, որ այսօր հասունացել է այն պահը, որ մեր հանրությանը պետք չէ Վճռաբեկ դատարան»,- նկատեց նա: Խունդկարյանից «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ հետաքրքրվեց՝ ինչու նա չի հրավիրում դատավորների ժողով, որպեսզի ԲԴԽ դատավոր անդամ ընտրեն: «Շուտով Դուք նորություն կստանաք եւ կտեղեկանաք ընդհանուր ժողովի օրվա մասին: Ընդհանուր Ժողովը բաղկացած է բոլոր դատավորներից եւ ճկուն մարմին չէ, որ անընդհատ 230-ին հավաքես, որեւէ հարց քննարկես: Դրա համար գոնե պետք է օրակարգ ձեւավորես: Դուք պատկերացրեք այս ծանրաբեռնվածությամբ աշխատող դատավորներին անընդհատ աշխատանքից կտրել բերել որեւէ հարցի քննարկման ժամանակ ու դա անընդհատ անել. դա շատ խնդրահարույց է : Մենք հիմա ունենք հավաքված օրակարգ»,- հավելեց նա:

 

 

 

Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2017 թվականին Հայաստանում ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերը կազմել են 562, 2018 թվականին՝ 606, իսկ 2019 թվականին դրանց թիվը 613 է եղել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ մեր հանրապետությունում ինքնասպանություն գործողների մեջ մեծ թիվ են կազմում գործազուրկները: Ըստ որոշ մասնագետների՝ մարդիկ իրենց կյանքին վերջ են դնում սոցիալական վատ պայմանների, վախերի, կրոնական գաղափարախոսության պատճառով: Նշենք, որ Հայաստանում ինքնասպանություններ գրանցվում են նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ Զինված ուժերում: Միայն Զինված ուժերում ընթացիկ տարում ունեցել ենք 13 մահվան դեպք, որից 4-ը եղել է ինքնասպանություն: Սակայն հոգեբան Սամվել Խուդոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով ինքնասպանությունների վիճակագրական տվյալներին, նկատեց. «Ես մտածում եմ, որ հետհեղափոխական ցնցումներն են պատճառը: Շատերի համար այդ շրջանը կործանարար էր. չէ՞ որ նրանք նոր սկսել էին կարիերա ստեղծել, եւ հանկարծ միանգամից այդ ամեն ինչը քանդվեց, ամեն ինչ փոխվեց: Բացի ֆինանսական խնդիրների ի հայտ գալուց, կյանքը փոխվեց, որովհետեւ հեղափոխությունից հետո բավական շատ մեծ թվով մարդիկ խաղից դուրս մնացին», – նշեց նա:




Լրահոս