Տնտեսվարողները՝ լուրջ խնդրի առաջ. ՀԴՄ նոր սերնդի սարքերի ձեռքբերումը դարձել է անհնարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ՀԴՄ նոր սերնդի սարքերի ձեռքբերումը տնտեսվարողների համար դարձել է անհնարին: Խնդրի առաջ են կանգնել նաեւ այն տնտեսվարողները, որոնք ամիսներ առաջ սարք ձեռք բերելու համար վճարել են 60 հազար դրամի չափով կանխավճար:

Կհիշեք՝ նախորդ տարվա փետրվարի 5-ին ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ նոր սերնդի ՀԴՄ սարքերը պետք է վաճառվեին 60 հազար դրամով` 160 հազար դրամի փոխարեն. 100 հազար դրամը, սուբսիդավորելու էր պետությունը։ Իսկ մինչ այդ դրանց գինը ավելի բարձր էր. այն տնտեսվարողների համար նվազեց 2019 թվականի փետրվարի 5-ին՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։ Նույն օրը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաման ստորագրեց, որով նոր սերնդի ՀԴՄ-ի իրացման արժեքը սահմանվեց 60 հազար դրամ։ Բազմաթիվ տնտեսվարողներ շտապեցին դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ենթակայության տակ գտնվող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ, վճարեցին 60 հազար դրամի չափով կանխավճարը:

Տնտեսվարողների մի մասին հաջողվեց ձեռք բերել սուբսիդավորված սարքը, բայց գերակշիռ մասը ամիսներ շարունակ առանց սարքի է: Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում բողոքներ, դժգոհություններ ստանալ տնտեսվարողներից: Անելանելի դրության մեջ են հայտնվել հազարավոր տնտեսվարողներ, որոնք այժմ աշխատում են հին սերնդի ՀԴՄ սարքերով:

Նրանցից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցեց. «Մենքլսեցինք պաշտոնյաների խոստումները այն մասին, որ 60 հազար դրամ բերեք վճարեք, մենք կսուբսիդավորենք, կբերենք կտանք սարքերը, այդպես էլ վարվեցինք: Ես նոյեմբերին եմ վճարել 60 հազար դրամ կանխավճարը Ահարոնյան փողոցում գտնվող «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ: Անգամ օրեր առաջ հեռուստացույցով լսեցի, հայտարարեցին, որ մինչեւ մարտի 10-ը Հայաստան կներկրվեն ՀԴՄ սարքեր: Ես էլ գնացի հարկային տեսչության Արաբկիրի մասնաճյուղ, ուղարկեցին ՊՈԱԿ, բայց այստեղ էլ ասացին, որ ՀԴՄ սարք չենք տալիս, ու ինձ տրամադրեցին մի հեռախոսահամար, որով կարող եմ կապ հաստատել եւ ձեռք բերել այդ սարքը: Ես էլ այդ համարով զանգեցի, պարզվեց՝ինչ-որ մի ընկերություն է, որը ներմուծում ու վաճառում է այդ սարքերը, ասում են՝ վճարեք 148 հազար դրամ եւ գնեք սարքը»:

Պարզվում է՝ առայժմ պետության կողմից լիցենզավորված ընկերություններից միայն մեկն է ՀԴՄ նոր սերնդի սարք ներկրել եւ վաճառում: Այսինքն՝մեր հանրապետությունում ՀԴՄ-ների շուկան ազատականացնելու դեպքում էլ ՀԴՄ սարքերի դեֆիցիտ է, եւ արդեն մի քանի ամիս է՝ ՊԵԿ-ըչի կարողանում լուծել այս խնդիրը: Եթե նախկինում դա միայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործառույթն էր, հիմա ցանկացած տնտեսվարող կարողանում է որոշակի խմբաքանակ ներմուծել, ներբեռնել ծրագիրն ու վաճառել ՀԴՄ-ները: Այսինքն՝ ազատ մրցակցության պարագայում գինը սկսեց շուկան թելադրել, եւ պետական մենաշնորհը վերացվեց: Բայց, միեւնույնն է, տնտեսվարողները արդեն մի քանի ամիս է՝չեն կարողանում խելամիտ գնով ձեռք բերել ՀԴՄ նոր սերնդի սարք: Օրինակ՝ հայտարարությունների տեղադրման List.am կայքէջում ՀԴՄ նոր սերնդի սարքի գինը տատանվում է 170-200 հազար դրամի սահմաններում:

Բայց վերը նշված ՊՈԱԿ-ից սարք ձեռք բերելու համար տնտեսվարողներին տրամդրում են «Իննթեք» ընկերության հեռախոսահամարը: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նշված ընկերություն եւ հետաքրքրվեց՝ ինչն է պատճառը, որ ՊՈԱԿ-ից տրամադրում են հենց իրենց հեռախոսահամարը, ոչ թե մեկ այլ ընկերության: Մեր հարցին ի պատասխան՝ընկերությունից փոխանցեցին հետեւյալը. «Հիմա մենքներմուծում ենք եւ վաճառում, արժե 148 հազար դրամ: Մենք լիցենզավորվել ենք պետության կողմից, այս պահին վաճառք իրականացնող միակ ընկերությունն ենք, զուտ դա է պատճառը, որ ՊՈԱԿ-ից տնտեսվարողներին մեր ընկերության հեռախոսահամարն են տալիս: Ծրագիր պետք չէ ներբեռնել մեր ընկերությունից գնված սարքերում, ամբողջովին սարքը ակտիվացված վիճակում է, աշխատանքային փուլում տրամադրում ենք հաճախորդներին: Միայն սպասարկման վճար են մուծելու, որն էլ կապված է շրջանառության հետ. յուրաքանչյուր ամիս 1200-3600 դրամ»: Ընկերության առաջարկած սարքի գինը 148 հազար դրամ է եւ վերջնական է, մինչդեռ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ մի քանի ընկերությունների կողմից ներկրելու արդյունքում ՀԴՄ սարքերի գները կէժանանան:

Ինչեւէ, այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ստելլա Համբարձումյանի հետ. «ՀԴՄ նոր սերդնի սարքի արժեքը 148 հազար դրամ է, դրանք մասնավոր ընկերություններն են բերում, ՊՈԱԿ-ը այլեւս սարք չի բերում: Եթե տնտեսվարողներն ունեն կանխավճար՝ մուծած ՊՈԱԿ-ին, ապա կարող են գալ եւ դիմում գրել, իրենց գումարները մենքհետ ենք վերադարձնում, եթե դրա դիմաց ժամանակին սարք չեն վերցրել ՊՈԱԿ-ից: ՀԴՄ նոր սերդնի սարք այսուհետ ձեռք են բերում դրական եզրակացություն ստացած ընկերությունից: Այս պահի դրությամբ դրանք երեքն են: Այս պահի դրությամբ առկա սարք ունի ընդամենը մեկ ընկերություն: Բայց մոտ ժամանակում, կարծում եմ, 20 օրվա մեջ, մյուս երկու ընկերությունները եւս սարքեր կունենան»:

Այսինքն՝ տնտեսվարողը եթե 60 հազար դրամ ամիսներ առաջ մուծել է՝ հույս ունենալով, որ պետությունը կսուբսիդավորի, եւ ինքը այդ գնով է ձեռք կբերի ՀԴՄ սարք, այժմ ստիպված է լինելու 60 հազար դրամին ավելացնել 88 հազար դրամ եւ գնել սարքը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ կէժանանան սարքերը, եթե երեք ընկերութուններն էլ ունենան, ՊՈԱԿ-ի տնօրենը դժվարացավ պատասխանել. «Ես դա չեմ կարող ասել, իրենց գնային քաղաքականությունն է, մասնավոր բիզնես է»:

Նա մեզ հետ զրույցում ընդգծեց, որ սարքի արժեքը ի սկզբանե չի եղել 60 հազար դրամ, ուղղակի պետությունն է սարքի արժեքի 100 հազար դրամը իր վրա վերցրել, որպեսզի օգնի քաղաքացիներին:

«Այդ ժամանակ հայտերը բավականին շատ էին, սարքերը, որոնք ՊՈԱԿ-ը ժամանակին ներմուծեց, գրեթե ամբողջությամբ սպառվել են»,- ասաց Ստելլա Համբարձումյանը:

ՄԵզ մնում է արձանագրել, որ դաշտը թեեւ ազատականացված է, բայց շարունակում է գտնվել բարձիթողի վիճակում, եւ արդեն մի քանի ամիս է՝ վերահսկողությունից դուրս է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս