2015 ապրիլի 5-ին Սևան քաղաքում կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում սպանվել էր սևանցի 44-ամյա Կառլեն Մնեյանը: Սպանության կասկածանքով հետախուզում էր հայտարարվել Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի (Մողես) որդու` Արթուր Ալեքսանյանի և Սևան քաղաքի բնակիչ Հմայակ Թադևոսյանի նկատմամբ: Կարճ ժամանակ անց նախկին քաղաքապետի որդին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Իրավապահները վերջինիս ընկերոջը՝ Հմայակ Թադևոսյանին երկար էին փնտրում, և միայն մեկ տարի անց հաջողվեց գտնել նրան:
Ինչպես է դեպքը տեղի ունեցել
Նշված օրը Կառլեն Մնեյանի սպանությանը նախորդել էր քեֆ-ուրախությունը, միասին մասնակցել էին մատաղի, հետո դուրս եկել՝ տուն գնալու, սակայն ավտոմեքենայի մեջ առաջացել էր վիճաբանություն, Մնեյանին տուն տանելու փոխարեն՝ մեքենան ուղևորվել էր ցեմենտի պահեստ, որտեղ ծեծելով սպանել էին նրան։
Սպանված Կառլեն Մնեյանը
Սպանվածի կինն ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթի հետ հետ զրույցում նշել էր, որ ամուսինը կռվարար չէր, և իրենց համար էլ է կատարվածն առեղծված մնում:
Այդուհանդերձ, քրեական գործի դատաքննության ընթացքում մի շարք հանգամանքներ են ի հայտ եկել, բացահայտվել:
Սակայն ուշագրավն այն է, որ այս տարեսկզբին արդեն նախկին քաղաքապետի որդու պաշտպանները դիմել են քրեական վերաքննիչ դատարան՝ նրա անմեղությունը ճանաչելու միջնորդությամբ:
Ավելի, անցած տարի միջնորդել էին նաև նրան համաներումով ազատ արձակել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս գործով դատական քննություն է նշանակվել մարտի 12-ին: Տեսնենք, թե դատարանն ինչ վճիռ կկայացնի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախնական դատական քննության ժամանակ տուժող կողմ ճանաչված Արմեն Թադևոսյանը հայտարարել էր, թե որևէ պահանջ չունի Արթուր Ալեքսանյանի հետ, հաշտվել է նրա հետ: Սրա արդյունքում դատարանը վճռել է այս մասով հանել Ալեքսանյանի մեղադրանքը:
Արթուր Ալեքսանյան՝ նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի որդին
Ի դեպ, Արմեն Թադևսյանն այն մարդն է, ով փորձել է կանգնեցնել Կառլեն Մնեյանին ծեծի ենթարկող տաքացած երիտասարդներին, սակայն արդյունքում հարվածներ է ստացել նաև ինքը: Դատական քննության ընթացքում Արմեն Թադևոսյանի որդին հայտարարել է, թե Արթուրն իր հորը չի ծեծել, իսկ նախաքննությանը նման հայտարարություն է արել քննիչների ճնշումներից ելնելով:
Փաստորեն, տուժողի հետ Ալեքսանյանները լավ էին աշխատել, իսկ դատարանում պայքարը շարունակում են. կա զոհ, իսկ պատժի ենթարկվել չեն ցանկանում:
Հմայակ Թադևոսյան՝ Համուլ
ArmLur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկանում է նաև, որ բուն կռիվ կինոյի հեղինակը եղել է Արթուրի մյուս գինովցած ընկերը՝ 13 տարվա ազատազրկման դատապարտված Հմայակ Թադևոսյանը, ով տարբեր մարդկանց ցուցմունքների համաձայն՝ զոհին ծեծել է կամ հայհոյելու, կամ իրեն չճանաչելու պատճառով:
«Սևանում հեղինակություն ունեմ, ապրած-դրած ունեմ: Դու ինձ ո՞նց չես ճանաչում»,- ասվում է ցուցմունքում: