ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԵՐԲԻՈՒՄ ՈՒԺԵՂ ԷԻՆ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ ՏՂԱՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Արարատ» – «Արարատ -Արմենիա» հանդիպումը։ Ֆուտբոլի Ավանի ակադեմիայում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի խոշոր հաշվով հաղթանակով։ Առաջնության առաջին վեցնյակում գտնվող թիմերից երկուսի պայքարը անցավ սպասվածից շատ ավելի հանդարտ եւ ոչ ինտրիգային պայքարում։ Առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» արդեն առաջին խաղակեսում կարողացավ լուծել բոլոր հարցերն ու հաղթել առանց լարվելու։

Արդեն հանդիպման 7-րդ րոպեին «Արարատ-Արմենիան», հիանալի հակագրոհի շնորհիվ, կարողացավ բացել խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ արարատցիների նորեկը՝ Յուսուֆ Օտուբանջոն։ Ընդամենը 10 րոպե անց չեմպիոնները կարողացան կրկին հակագրոհի վրա բռնել «Արարատին». կրակագծում նորից հայտնվեց Օտուբանջոն եւ հաշիվը դարձրեց 2։0։ Վարդան Մինասյանի տղաները այսքանով չէին ցանկանում սահմանափակվել եւ անդադար ճնշման տակ էին պահում մրցակցին։ Ի վերջո, 35-րդ րոպեին, Ֆուրջել Նարսինգի ֆանտաստիկ արագության շնորհիվ, «Արարատ-Արմենիան» հաշիվը նաեւ եռապատկեց։ Հոլանդացին զարգացրեց հրթիռային արագություն եւ մտնելով տուգանային հրապարակ՝ հարվածային դիրք դուրս բերեց Արմեն Համբարձումյանին։ Վերջինս էլ դիպուկ հարվածով շանս չտվեց Սերգեյ Ռեւյակինին։ Առաջին խաղակեսի վերջնամասը նույնպես անցավ Վարդան Մինասյանի թիմի առավելությամբ։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում «Արարատը» փորձեց բնավորություն ցույց տալ եւ վերադառնալ խաղ, սակայն մրցակցի պաշտպանների ճիշտ համագործակցության պատճառով երեւանյան ակումբը այդպես էլ չհասավ արդյունքի։ Այս խաղում հատկապես պետք է նշել Անժելո Մենեզեսի անունը, ով հեռացնում էր «Արարատի» գրեթե բոլոր սուր փոխանցումները։
Վերջիններիս օգնել չկարողացավ նաեւ «Երեւանից» ժամանած Ռամազան Իսաեւը, ով նախկին թիմում սիրում էր աչքի ընկնել փոխարինման մտնելուց հետո։
Երկրորդ խաղակեսի մնացած հատվածում «Արարատ-Արմենիան» կարողացավ վերադարձնել առավելությունը, սակայն գոլ խփել այդպես էլ չկարողացավ։ Խաղի 74-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոն ուներ լավ հնարավորություն իր հաշվին հեթ-տրիկ գրանցելու համար, սակայն վերջինիս հարվածից հետո հիանալի սեյվով աչքի ընկավ Սերգեյ Ռեւյակինը։
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 30 միավոր եւ այժմ առաջին հորիզոնականն է կիսում «Ալաշկերտի» հետ։ «Արարատը»՝ 27 միավորով, 5-րդն է։
Առջեւում առաջնության ամենակարեւոր հատվածներից մեկն է. ընդամենը 2 տուր է մնում, որ ձեւավորվի առաջին վեցնյակը։ 2 խաղ հետո հենց առաջին 6 հորիզոնականները զբաղեցրած թիմերը կպայքարեն չեմպիոնության եւ եվրագավաթային գոտում հայտնվելու համար։ Այս փաստը առանձնացրեց նաեւ «Արարատի» գլխավոր մարզիչ Իգոր Կոլիվանովը. «Առջեւում կա երկու խաղ, որտեղ պետք է հաղթենք անպայման։ Այժմ մեզ միավորները հարկավոր են օդի նման»,- ասել է Կոլիվանովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Առաջիկա երկու տուրերը «Արարատը» կանցկացնի տանը։ Երեւանյան ակումբի մրցակիցները կլինեն «Լոռին» եւ «Ուրարտուն»։
Վարդան Մինասյանի տղաներն էլ իրենց հերթին կմրցեն, նախ, «Շիրակի» հետ տանը, ապա՝ դրսում Երեւանի «Փյունիկի» հետ։
Հայաստանի Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը 16-րդ տուրից հետո ստացավ հետեւյալ տեսքը.
1.«Ալաշկերտ» – 30 (միավոր)
2.«Արարատ – Արմենիա» – 30
3.«Շիրակ» – 28
4.«Լոռի» – 28
5.«Արարատ» – 27
6.«Նոա» – 24
7.«Փյունիկ» – 23
8.«Ուրարտու» – 23
9.«Գանձասար – Կապան» – 17
10.«Երեւան» – 0

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ՊԱՅՔԱՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՎ ԳԱԳԱԹՆԱԿԵՏԻՆ

Կայացավ Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում՝ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում, կարողացավ 2:0 հաշվով պարտության մատնել կատալոնական «Բարսելոնա»-ին: Սուպերկլասիկոն անցավ շատ թեժ եւ լարված պայքարում, իսկ խաղի ելքը վճռվեց երկրորդ խաղակեսում:

Շաբաթվա ամենասպասված ֆուտբոլային իրադարձությունը անցավ շատ թեժ եւ անզիջում պայքարում, որտեղ հաղթանակի հասավ խաղին ավելի լավ պատրաստված թիմը:
Սխալ կլինի ասել, որ «Բարսելոնան» ամբողջությամբ զիջում էր մադրիդցիներին, ավելին՝ առաջին խաղակեսում «բլաուգրանան» ուներ մի քանի հնարավորություն հաշիվը բացելու, սակայն իր տեղում էր Տիբո Կուրտուան: Մադրիդյան թիմը առաջին խաղակեսում այդքան էլ կայուն տեսք չուներ, սակայն երկրորդ 45 րոպեների ընթացքում Զիդանի տղաները կարողացան ամեն ինչով գերազանցել կատալոնացիներին, ինչի պտուղն էլ քաղեցին 71-րդ րոպեին: Տոնի Կրոսը ֆանտաստիկ փոխանցում կատարեց Վինիսիուս Ժունիորի ուղղությամբ, ով էլ մոտենալով Տեր Շտեգենին՝ գնդակն ուղարկեց մոտակա անկյունը: Այդ դրվագում շատ վատ գործեց «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, ով նախ տարածություն տվեց Վինիսուսին, ապա նաեւ չկարողացավ փակել հարվածի ճանապարհը: Այսքանով մադրիդյան թիմը չէր ցանկանում բավարարվել եւ գրոհները մեկը մյուսից ավելի վտանգավոր էին դառնում: Երկրորդ խաղակեսում Կիկե Սետյենի տղաները շատ անօգնական տեսք ունեին. մադրիդցիները փակել էին բոլորին, այդ թվում՝ Սետյենի գլխավոր զենքին՝ Լեո Մեսսիին: Արգենտինացին ողջ խաղի ընթացքում ունեցավ միայն մեկ հնարավորություն դարպասը գրավելու. այդիպիսի բան կարող է լինել շատ քիչ խաղերում: Գոլ ընդունելուց հետո «կապտանռնագույնները» այդպես էլ չկարողացան վերադառնալ խաղ եւ մրցավարի կողմից ավելացված 2-րդ րոպեին բաց թողեցին նաեւ 2-րդ գոլը: Այստեղ ֆանտաստիկ գործեց վայրկյաններ առաջ փոխարինման դուրս եկած Մարիանո Դիասը, որը «փախնելով» Սամուել Ումտիտիից՝ հասավ մինչեւ Տեր Շտեգենը, որքան հնարավոր էր, կրճատեց իր եւ դարպասապահի միջեւ տարածությունը ու թեթեւ հարվածով գրավեց դարպասի մոտակա անկյունը:
Այսպիսով, սուպերկլասիկոն ավարտվեց տանտերերի 2:0 հաշվով հաղթանակով: Զիդանը երկրորդ խաղակեսում կարողացավ ամբողջովին վերափոխել թիմի խաղը եւ տանել մարզչական հաղթանակ Սետյենի նկատմամբ:
Հոգեբանական առումով մադրիդցիների վրա շատ լավ անդրադարձավ նաեւ այն փաստը, որ ստադիոնից էր հանդիպմանը հետեւում թիմի նախկին առաջատարն ու պատմության լավագույն ռմբարկուն՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Այդ փաստը խաղից հետո ընդգծել է երիտասարդ Վինիսիուս Ժունիորը. «Նա ընդմիջմանը եկավ հանդերձարան եւ աջակցեց մեզ: Ռոնալդուի խոսքերը մեզ շատ օգնեցին, այդ պատճառով էլ գոլս տոնեցի նրա ոճով: Նա հաղթող է նաեւ խաղադաշտի սահմաններից դուրս»,- ասել է երիտասարդ բրազիլացին:
Այսպիսով, «Ռեալը» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 56 միավոր եւ վերադարձավ առաջին հորիզոնական՝ 1 միավորով գերազանցելով «Բարսելոնային»:
Հավելենք նաեւ, որ Վինիսիուսը Լեո Մեսսիից հետո դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել կլասիկոներում Լա Լիգայի շրջանակներում: «Ռեալը», այս խաղում խփած երկու գոլերի շնորհիվ, Իսպանիայի առաջնություններում գոլերի քանակն հասցրեց 6152-ի, որը 1-ով ավել է «Բարսելոնայից»: Մադրիդյան թիմը նաեւ կլասիկոներում իր հաղթանակի թիվը հասցրեց 96-ի եւ հավասարվեց իր «հավերժական մրցակցին»:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս